«Եթե ես փորձեի դա անել, սկսվելու էր քաղաքացիական պատերազմ Հայաստանում». Լևոն Տեր-Պետրոսյան
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ 90- ականների հաղթանակն ամրագրել, և թե ո՞րն էր այն հիմնական խոչընդոտը, որ մինչև հրաժարականը հնարավոր չեղավ դա անել:
Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց. «Ես հաղթանակն ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին, իսկ դրա մասին ես շատ երկար եմ խոսել՝ իմ վերջին ասուլիսներում, հրապարակումներում. պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տային այդ ծրագիրն իրականացնել: Ես չեմ չափազանցում, եթե ես փորձեի դա անել, սկսվելու էր քաղաքացիական պատերազմ Հայաստանում. ես դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»:
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանն այդ պահին պատրա՞ստ էր ստորագրել, եթե ներքին խոչընդոտը չլիներ, նախագահն արձագանքեց.
«Այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո՝ այս ամբողջ 23 տարիների ընթացքում»: