Չինաստանում ընդունել են օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենք
Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը հունիսի 10-ին ընդունել է օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենք: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը։
Օրենքն ընդունվել է Պեկինում անցկացվող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի 13-րդ գումարման 29-րդ նստաշրջանում: Այս տարվա մարտի վերջին ԵՄ-ի երկրները, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան, Չինաստանից անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Սինցզյանում ույղուրների իրավունքների խախտման մեջ մեղադրանքով:
Չինաստանը պատասխան միջոցներ է սահմանել, այդ թվում նաեւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Բացի այդ, մարտին ԱՄՆ-ը հաղորդել է վարչական շրջանի «ինքնավարության նվազման» գործողությունների համար ՉԺՀ-ից եւ Հոնկոնգից 24 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին. Չինաստանը բողոք է հայտնել եւ խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: