«Ինքս զրուցել եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ. նա ասաց, որ այս պահին անհրաժեշտություն չի տեսնում ԲԴԽ-ին դիմելու համար». Կարեն Փոլադյան

Հունիսի 4-ի երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատների հիմնած «Լույսի ճրագ» կազմակերպության ղեկավար Արսեն Ղուկասյանը երկու տեսանյութ հրապարակեց:

Դրանցից մեկում նա  հայտարարում է, որ ինքն այս պահին գնում է իրենց երեխաների մահվան հանգամանքների մեջ մեղավոր Իշխան Վահանյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի բնակարան՝ նրանից իր այդ որոշման համար պատասխան պահանջելու: Տեսանյութում հայտարարվում է դատավորի բնակության հասցեն, անուն-ազգանունը, կոչով այդ հասցե են հրավիրվում այլ մարդիկ:

«Ես հենց հիմա գնում եմ էն դատավորի տուն, ով որ Վահանյան Իշխանին ազատ է արձակել: Եթե էդ դատավորը հիմա ինձ լսում է, խորհուրդ չեմ տա նրան՝ փախչի, որովհետև ես արդեն Կոմիտասում եմ»,- ասում է Արսեն Ղուկասյանը:

Քիչ անց Արսեն Ղուկասյանը երկրորդ տեսանյութը հրապարակեց, որում արդեն վերջինս իրենց աջակիցներին ու առաջին տեսանյութին արձագանքողներին կոչ է անում չգալ այդտեղ, որովհետև իր նշած հասցեում դատավորը չէ ապրում, այլ նրա ծեր մայրը, ապա հավելում է, որ միևնույն է՝ կպարզի Ալեքսանդր Ազարյանի բնակության վայրը, եթե դա էլ չիմանան, կգնան դատավորի աշխատանքի վայր:

Տեսանյութերը 168.am-ն ուղարկել էր թե՛ Բարձրագույն դատական խորհուրդ, և թե՛ Գլխավոր դատախազություն՝ ակնկալելով նրանց արձագանքը: Դրանց բովանդակությանը, սակայն, այդ երկու կառույցները ծանոթացել էին միայն երեկ:

Մեզ հետ զրույցում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասել էր, որ տեսանյութերի բովանդակությանը, ինչպես նաև դրանց առնչությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ 168.am-ին տված հարցազրույցին ծանոթանալուց հետո անպայման կարձագանքի:

Այսօր մեզ հետ զրույցում Կարեն Փոլադյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) երեկվա իր նիստում քննարկել է կատարվածը, մասնավորապես վեր են հանվել մամուլի հրապարակումները, այդ թվում՝ նաև մեր նշած:

«Ինքս զրուցել եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ: Նա ասաց, որ լրատվամիջոցների հետ զրույցում էլ ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չի տեսնում ԲԴԽ-ին դիմելու համար: Այնուամենայնիվ, ԲԴԽ-ն ուշիուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած պահի կանի իր գործողությունը, հենց զգա դրա անհրաժեշտությունը»,- ասաց Դատական դեպարտամենտի ղեկավարը:

Մեր հարցին՝ եթե չլինի դատավորի դիմումը, ԲԴԽ-ն որևէ գործողություն ձեռնարկել չի՞ կարող, Կարեն Փոլադյանը պատասխանեց՝ հասկանում է մեր հարցի տողատակը, որ եթե սպառնալիք կա, ինչո՞ւ ենք սպասում դատավորի դիմումին, բայց «Դատական օրենսգիրքն» իրավիճակը հստակ կարգավորում է՝ սահմանելով, որ դատավորի գործունեությանը միջամտության կամ սպառնալիքի դեպքում պետք է լինի դատավորի դիմումը:

«Օրենքը Խորհրդին կաշկանդում է, որովհետև կարող է ԲԴԽ-ն անել գործողություն, և դատավորը չցանկանա դա: Այսինքն՝ դա կդիտարկվի՝ որպես դատավորի կամքին հակառակ գործողություններ կատարել: ԲԴԽ-ն իրավունք ունի կամ պարտավոր է կատարել բացառապես այն, ինչի համար լիազորված է օրենքով, իսկ օրենքն ասում է, որ նման դեպքում դատավորը պետք է դիմում ներկայացնի Խորհրդին»,- ասաց Կարեն Փոլադյանը:

Նա շեշտեց, որ իրենք անհանգստացած են Ալեքսանդր Ազարյանի հետ կապված պատմությունից։

«Ես, մասնավորապես, նորից եմ կրկնում, անձամբ եմ խոսել պարոն Ազարյանի հետ, քանի որ ավելի քան անհանգստացած եմ իրավիճակով, և փորձելու եմ ամեն օր խոսել, հարցնել նրա որպիսությունը, աջակցել այն ամենով, ինչի կարիքը որ նա կունենա: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ խնդիրը Խորհրդի ուշադրության կենտրոնում է»,- եզրափակեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Տեսանյութեր

Լրահոս