«Իշխանությունները թքած ունեն քաղաքացու վրա, նրանց համար կարևոր չեն նաև տարածքները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը նոր սադրանքների է դիմում, գողանում ՀՀ սահմանամերձ բնակիչներին պատկանող ընտանի կենդանիներին: Եվ շատ դեպքերում ոչ միայն մեր հովիվների կյանքն է սպառնալիքի տակ, այլ սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների անվտանգությունը: Հարցն այն է նաև, որ վերոնշյալ սադրանքները համարժեք արձագանք չեն ստանում ՀՀ իշխանությունների կողմից: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, բավականին լարված է իրավիճակը:

«Ադրբեջանն, ըստ էության, երկու գլխավոր նպատակ ունի՝ պլան մաքսիմում, պլան մինիմում, որոնք հետևողականորեն իրականացնում է: Լարվածությունը տեղափոխելով ՀՀ սահմաններ՝ Ադրբեջանը նախ փորձում է լուծել Արցախյան հակամարտության էջն իսպառ փակելու քաղաքականությունը:

Սա հեռահար նպատակ է, և միայն այսօրվա իշխանություններից ստանալիքի խնդիր չէ: Այսինքն, որքան նրանք առաջ են գալիս և որքան ավելի բարդ իրավիճակ են ստեղծում ՀՀ-ի հետ սահմանին, այնքան Արցախին վերադառնալու հարցը դժվարանում է անգամ վաղվա իշխանությունների համար: Ադրբեջանը փորձում է բանակցություններում օրակարգ ու առաջնահերթություններ փոխել, այդ թվում՝ վաղվա իշխանությունների հետ ապագա բանակցություններում: Օրինակ՝ եթե 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխություն լիներ, նոր ձևավորված իշխանությունները պայքարելու էին ոչ միայն այդ փաստաթղթի որոշակի չիրականացված դրույթները փոխելու, դրանք վերանայելու ուղղությամբ, այլև գլխավոր խնդիրը հենց Արցախյան հարցն էր լինելու: Իսկ այսօր՝ 6-7 ամիս անց, առաջնահերթությունները փոխվել են»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հիմա առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է:

«Սա Ադրբեջանի կողմից հետևողական ու լավ մշակված ծրագիր է՝ ուղղված նաև ապագայի բանակցություններին: Ադրբեջանում Ղարաբաղյան հարցը փակված են համարում ու հիմա փակված լինելու հիմքերն են ստեղծում: Նրանք ստեղծում են պայմաններ, որ ՀՀ-ից բանակցողները մեծ դժվարությամբ կարողանան հասնել այդ հարցին՝ ունենալով ավելի օրհասական խնդիրներ ՀՀ-ի տեսանկյունից: Լարվածությունը սրացնելով՝ Ադրբեջանը մեկ այլ խնդիր էլ է փորձում լուծել: Բաքվում շատ լավ հասկանում են, որ այն, ինչ կարող են ստանալ Հայաստանից, ստանալու են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Հասկանում են, որ հնարավոր առավելագույնը պետք է մինչև հունիսի 20-ը պոկեն, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ ընտրություններով նորից իշխանություն վերցնելու Փաշինյանի հնարավորությունները գնալով նվազում են»,-նշեց Հ. Մխիթարյանը:

Հերմինե Մխիթարյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանի իշխանությունների քայլերը միայն մեկ նպատակի են միտված, ինչով էլ պայմանավորված է լռությունը՝ շատ ու շատ կարևոր հարցերի վերաբերյալ. «Իրենց վերջնաժամկետը՝ հանգուցային կետը, հունիսի 20-ն է: Այսօր փորձում են ծածկել լարվածության մասին խոսակցությունները: Փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, թե ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ: Եվ սա նորմալ է այն մասսայի համար, որոնց ձայներն ակնկալում է Փաշինյանը: Այն, որ իշխանությունները պարզապես թքած ունեն Հայաստանի քաղաքացու վրա և որևէ քայլ այս ուղղությամբ չեն ձեռնարկում ու չեն ձեռնարկելու, մենք նշվածին ամիսներ շարունակ ենք ականատես լինում: Այս համատեքստում պատահական չեն նաև խոսակցությունները, նաև պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները: Փաշինյանի մակարդակով ասվում է ոչ թե Սև լճի, այլ «Սև ջրի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու», և սա վերոնշյալ մասսայի շրջանում աշխատում է»:

Փորձագետն այլևս չի սպասում, որ այս իշխանությունները մեր անվտանգությունն ապահովելու համար որևէ գործուն քայլեր կիրականացնեն. «Օրինակ՝ ՊՆ-ն հովիվի հետ կապված միջադեպին արձագանքում է միայն այն դեպքում, երբ ՄԻՊ-ն է այդ մասին բարձրաձայնում: Այսինքն, եթե ՄԻՊ-ը չխոսեր այդ մասին, ՊՆ-ն դրան չէր էլ արձագանքելու, և մենք չէինք իմանալու, որ նման միջադեպ է եղել: Իրենց նպատակը, մեծ հաշվով, այս ամենը լռության մատնելն է, տպավորություն ստեղծելը, որ այսպես էլ պետք է լինի, և մենք պետք է զիջենք, ընդունենք, որ այդ տարածքները մերը չեն: Այս դիսկուրսն են տարածում հանրության մեջ: Հանրության զգացմունքների վրա են խաղում՝ տանելով «պատերազմ չլինի, նոր զոհեր չլինեն, բայց այս տարբերակով զիջումներն ընկալելի, ընդունելի են» գիծը: Իրենց ամբողջ ուշադրությունը սևեռված է իշխանությունը պահելու վրա: Այսօր նրանց համար կարևոր չեն տարածքային զիջումները: Փաշինյանի վերջին այցերը Եվրոպա ցույց են տալիս, որ ինքն անգամ պատրաստ է նույնիսկ այս փուլում ստանձնել ցանկացած պարտավորություն, միայն թե ընտրություններում որոշակի հաջողությունների, ինչպես նաև որոշակի երաշխիքներ ստանալու հնարավորություններ ստեղծի»:

Անդրադառնալով այս իշխանության նախընտրական ծրագրին՝ կապված արտաքին քաղաքականության հետ, Հերմինե Մխիթարյանը հավելեց. «Այս դեպքում ևս կարող ենք հիշել Փաշինյանի հայտնի թեզը: Ասում էր՝ իրենք արտաքին քաղաքականությունը պետք է զրոյից սկսեն: Երեք տարի շարունակ այս իշխանությունը հետևողականորեն զրոյացրեց արտաքին քաղաքականությունը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով: Անգամ չափազանց դրական տրամադրված լինելու դեպքում մենք չենք գտնի մի ուղղություն, որտեղ դրական դինամիկա կա: Ըստ իս, ոչ մի ադեկվատ մարդ չի կարող արտաքին քաղաքականությանն առնչվող ինչ-որ դրական քայլեր սպասել այն իշխանություններից, որոնք գնացել են այդ ամենը զրոյացնելու ճանապարհով: Ի դեպ, կարող էին հաջող տեքստ, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնել, բայց այնքան էլ հաջող չեն գրել, թեպետ իրականությանը պետք է նայենք: Մենք անգամ մեր ռազմավարական դաշնակցի հետ ենք ծայրաստիճանի փչացրել հարաբերությունները, և այսօր նման վիճակում ենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս