Չինաստանի նոր հայտը տարածաշրջանում․ ինչ է ցանկանում Չինաստանը ՀՀ-ից նոյեմբերի 9-ից հետո

Չինաստանն ակտիվացնում է իր արտաքին քաղաքականության հարավկովկասյան ուղղությունը։ Հունիսի 2-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ երկու ղեկավարները բավականին ընդլայնված խոսակցություն են ունեցել, արձանագրել, որ Ադրբեջանը և Չինաստանը հաջողությամբ համագործակցում են քաղաքական, տնտեսական և տրանսպորտային-նյութատեխնիկական ոլորտում:

Սի Ծինփինը շեշտել է, որ չին-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են պատմական նոր փուլի շեմին՝ նշելով, որ երկու երկրներն էլ զարգացնում են ավանդական բարեկամությունը, խորացնում են համագործակցությունը և ավելացնում փոխադարձ աջակցությունը:

Չինաստանի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում։

Պետությունների ղեկավարները կարևորել են երկու երկրների «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մշակման գործընթացում աշխատանքների համակարգումը և առկա հնարավորություններն օգտագործելը:

Նրանք նշել են նաև, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը երկու երկրների միջև տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման ոլորտում, նպաստել Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում տրանսպորտային միջանցքների ստեղծմանը։ Պետությունների ղեկավարները փոխադարձ աջակցություն են հայտնել իրենց երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Չինաստանը նոր մակարդակի է բարձրացնում ոչ միայն Իրանի, այլև հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունները, որոնց շարքում ամենահամեստը հայ-չինական հարաբերություններն են։ Այնուամենայնիվ հանգամանքը, որ Չինաստանը, ըստ մամուլի, ՀՀ-ում տարածաշրջանի և Եվրոպայի ամենամեծ դեսպանատունն է կառուցում, խոսում է Չինաստանի հայկական և տարածաշրջանային ծրագրերի մասին։ Իհարկե, շենքի մեծությամբ չի որոշվում հարաբերությունների բովանդակությունը, այնուամենայնիվ, դա հետաքրքիր նյուանս է։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տասնամյակի ընթացքում հարավկովկասյան երկրներն ու Չինաստանն է՛լ ավելի սերտորեն են սկսել միմյանց ուսումնասիրել՝ Չինաստանին դիտարկելով՝ որպես այլընտրանք Ռուսաստանին ու Արևմուտքին։

Ըստ նրա, ուշագրավ է հատկապես այն, որ Չինաստանն այս տարածաշրջանի քաղաքական հարցերում գոյություն չունի։

«Բայց մտնելով տնտեսական դաշտ՝ մեծ ռեսուրսներով, ներդրումներով՝ ենթակառուցվածքային հաղորդակցական գլոբալ ծրագրերում, գրավիչ գործընկեր է դառնում այս երկրների համար, ձգտելով իսկապես դառնալ այլընտրանք, ունենալով աննախադեպ տնտեսական, ենթակառուցվածքային ներկայություն այս տարածաշրջանում։ Իսկ Չինաստանը տարածաշրջանը դիտարկում է երեք երկրներին միասին՝ դիտարկելով տարածաշրջանը՝ որպես Սևծովյան ավազանի և Մերձավոր Արևելքի միջև կարևոր գոտի։ Հենց այս հանգամանքով շահում են տարածաշրջանային փոքր երկրները, որոնք տարատեսակ ճանապարհների խաչմերուկում են գտնվում, հետևաբար՝ քաղաքականապես կարևոր են բոլոր գերտերությունների համար։

Չինաստանը շահեր ունի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, կան արդեն իսկ գործող երկաթուղային ճանապարհներ, բայց կա նաև Պարսից ծոց-Սև ծով ծրագիրը, Իրանի հետ համագործակցությունը նոր խորացված համաձայնագրով բացել է Չինաստանի այդ տարածաշրջանում ներկայության «դուռը»։

Վերջին տարիներին Չինաստանը խորացրել է հարաբերություններն առաջին հերթին՝ Ադրբեջանի, հետո՝ Վրաստանի հետ, իսկ Հայաստանի հետ շրջափակման պատճառով ունեցել է ծրագրեր, բայց ուղղված ապագային։

Կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որում ամրագրված է կապուղիների ապաշրջափակում, ակտիվացրել է Չինաստանի ծրագրերը, որն ավելի ու ավելի ինտենսիվ է սկսելու թելադրել իր շահերը բոլոր երկրներին։ Պատահական չէ նաև անդրադարձը տարածքային ամբողջականության սկզբունքին, դա կարևոր ուղերձ էր այն բանի, թե ինչն է կարևոր Չինաստանի համար»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, տարածաշրջանում և Հայաստանում, պայմանավորված չինական ծրագրերով, ավելի ու ավելի շատ է լսելի լինելու Չինաստանը։

«Տնտեսական շահերը թելադրում են նաև քաղաքական լայն աշխատանք տեղում, որը պետք է ապահովի այդ տնտեսական ծրագրերի իրագործումը, քանի որ դրա բացակայության դեպքում հաջողության են հասնում նրանք, որոնք քաղաքականապես են ուժեղ։ Կարծում եմ՝ սա հասկանում են ու արդեն իսկ և վաղուց շարժվում նաև քաղաքականության ուղղությամբ, թեև այս ռեգիոնում քաղաքական հարցերում Չինաստանը թույլ է։ Սակայն տարածաշրջանում արտաքին կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից Չինաստանի ակտիվությունը չափազանց կարևոր է, որը կթուլացնի Արևմուտք-ՌԴ առճակատման բոլոր բացասական հետևանքները թե քաղաքական, թե տնտեսական առումով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս