«Քիչ առաջ իմացանք, որ Արտաքին գործերի բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել՝ ԱԳՆ-ն անտեր վիճակում է». Թագուհի Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել Աբովյանի դիահերձարանում, առաջին հերթին գալիս է պետության ղեկավարից, հետևաբար՝ դրան պետք է հաջորդեին հրաժարականներ, և հրաժարական տար ոչ միայն Առողջապահության նախարարը, այլև քաղաքական վերնախավը։
«Սա պետական քաղաքականություն է զինվորների նկատմամբ։ Հիշում եք, թե բանակի նկատմամբ ինչ վերաբերմունք է եղել հենց առաջին օրվանից, եկել ու ասել են՝ բանակ չկա, բանակը թալանել են, ոչնչացրել, թափել ու կերել են։ Այսինքն՝ մեր ազգային հարստությունը, որն ազգովի փայփայել ենք, իրենք եկան ու ոչնչացրեցին ու հիմա էլ այդ բանակի ոչնչացումը շարունակվում է։ Այսքանից հետո իրենք ուղղակի բարոյական իրավունք չունեն որևէ բան խոսել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը նաև լրագրողներին հայտնեց, որ իրենք տեղյակ են, որ Արտաքին գործերի բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել։
«Քիչ առաջ իմացանք, որ Արտաքին գործերի բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել, հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում, մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը կանգնած է կոլապսի առաջ, չկա մարդ, որ այն ներկայացնի, ԱԳՆ-ն անտեր վիճակում է»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։