Նախարար Ավանեսյանը ներողություն է խնդրել, որովհետև նախօրեին ստել է․ անհետ կորածի հարազատ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել է իր ֆեյսբուքյան էջով:

Նա խոստովանել է, որ իր բացթողումն է եղել այն, որ անձամբ չի այցելել այնտեղ՝ «դիակների պահպանման մանրամասներին» ծանոթանալու համար: Սակայն գլխավոր հարցին, որն անհանգստացնում է հանրությանը պատերազմի առաջին իսկ օրերից՝ ինչու են դիակների մի մասը յոթ ամիս շարունակ թաքցրել հանրությունից և հարազատներից, մնացել է բաց: Նախարարն այս մասին ոչինչ չի ասում:

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որը մայիսի 31-ին Հերացու փողոցը փակողներից էր, վստահեցնում է, որ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել միայն այն պատճառով, որ նախօրեին ստել է:

«Երեկոյան իրենք լուր էին տարածել, թե աճյունների պահման պայմանները համապատասխանում են նորմերին, բայց քանի որ դա ինձ խիստ զայրացրեց, ու ես լայվ մտա, ասացի, որ եթե Դուք վաղը հրապարակային ներողություն չխնդրեք, չասեք, որ Ձեր ասածը սուտ է, ես տեսանյութ կհրապարակեմ, ու Դուք կդառնաք սուտասան, որը որ կաք: Ուղղակի մի անգամ էլ կերևա Ձեր սուտասանությունը: Ես ժամանակ էի տվել մինչև առավոտ, և նախարարը ներողություն խնդրեց»,- ասում է Արսեն Ղուկասյանը:

Այնուամենայնիվ, հիմնական հարցը, որը բոլորին հուզում է պատերազմից հետո, դիակների պաշտոնապես հայտարարված և իրական թվերի տարբերությունն է, որին նախարարը պատասխան չտվեց:

«Մեր տղաները բոլոր մորգերով պտտվել են, հավաքել են ինֆորմացիա, որտեղ քանի մարմին է եղել, մեզ պետք է մի երկու օր, որ այդ ամբողջ ինֆորմացիան բերենք-հասցնենք մի կետի: Ես կասկածներ ունեմ, որ մարմինները մի տեղ պահել են, հետո աստիճանաբար բերել են մորգեր, ուղղակի դեմից թիվը խաբած են եղել ու ծնողներին էլ չեն ասել»,- նշեց Արսեն Ղուկասյանը: Նա կարծում է, որ դիակների իրական թվերը թաքցնելու հետ կապված՝ պետք է նախևառաջ բացատրություն տա առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը»։

Տեսանյութեր

Լրահոս