«ԲՀԿ-ն միշտ էլ իշխանություն է եղել». ՀԱԿ անդամ
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գալիք նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը, և ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սոս Գիմիշյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով վերոհիշյալ տեղեկությունը, ասաց. «Ճիշտն ասած` ինձ քիչ է հետաքրքրում` Գագիկ Ծառուկյանն առաջադրվո՞ւմ է, թե՞ ոչ: Ինձ հետաքրքրում է, թե Կոնգրեսն ի՞նչ է անելու»:
Ի պատասխան մեր հարցին` Ծառուկյանի չառաջադրվելը կարո՞ղ է մեծացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորություններն ընտրություններում, Սոս Գիմիշյանն ասաց.
«Չեմ կարծում: Ես ընդհանրապես դրա հետ չեմ կապում»:
Վերջին շրջանում այն տպավորությունն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի հայտարարում իր թեկնածության առաջադրման մասին և սպասում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան էլ ՀԱԿ անդամն ասաց.
«Ես չէի սպասում և ԲՀԿ-ի որոշման հետ երբևիցէ հույսեր չեմ կապել: Իհարկե, ՀԱԿ-ում կային քաղաքական ուժեր, որոնք այդպիսի հույսեր ունեին, բայց դա իրենց գործն է: Մեր կուսակցությունն այլ դիրքորոշում է ունեցել»:
Սոս Գիմիշյանը նաև ավելացրեց, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կայանալու է քաղխորհրդի նիստ, և այնտեղ քննարկվելու են հետագա անելիքները:
Սոս Գիմիշյանից հետաքրքրվեցինք՝ Ծառուկյանի այս քայլն արդյոք նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն համաձայնության է եկել իշխանությունների հետ, ինչպես և կանխատեսվում էր:
«Իրենք միշտ էլ իշխանություն են եղել: Ե՞րբ են իրենք իշխանությանը դեմ եղել: Միշտ էլ իշխանության մաս են եղել և երբեք ընդդիմություն չեն եղել: Ես չգիտեմ` ո՞վ է այլ կարծիք ունեցել և ինչի՞ց ելնելով»,- պատասխանեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավարը:



