Արամ Մանուկյանը չեղած պետականության պայմաններում հայությանն առաջնորդեց հաղթանակի, իսկ հակաԱրամը, շարունակում է ամեն օր զիջել․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման, առաջին Հանրապետության օրը հարգանքի տուրք մատուցեցին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։
«Մայիսի 28-ի ավանդական տոնը այսօր մեր ժողովուրդը նշում է տխրությամբ, հուսահատությամբ։ Տասնամյակներ շարունակ Սարդարապատի հուշահամալիրը լեփ-լեցուն էր մեր հայրենակիցներով, երկրի ղեկավարից մինչև վերջին գյուղի բնակիչը, սակայն այսօր Սարդարապատի հուշահամալիրը, շրջափակված հազարավոր ոստիկաններով, մարդկանց թույլ չէին տալիս իրենց հարգանքի տուրքը մատուցել։
Մի խումբ գլխիկորներ միայն այդ ոստիկանական շղթաների մեջ կարողանում էին քայլել՝ ինչպես վերջին ամիսներին այլևս զրկված են երկրում ազատ քայլելու հնարավորությունից»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած «Հայաստան» դաշինքի հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ վերջին երեք տարիներին մեր պետության ընթացքին՝ նշելով․ «Այսօր Արամ Մանուկյանի արձանի առջև հիշում եմ, թե մեր պետականության կերտիչը ինչպես սկսեց անկախության երթը ու մեծ նավարկությունը, որն անցավ տարիներ, տասնամյակներ շարունակ, եկավ խաղաղ մի ընթացքի, իսկ վերջին տարիներին ու հատկապես ամիսներին մտցվեց այն փոթորիկների մեջ, տրվեց ժայռից ժայռ, որովհետև էր նավապետն էր խենթ և կառավարել չգիտեր։ Արամի արձանի մոտ ակամա հիշում եմ ՝ 2018 թ․, երբ պատրաստվում էինք Առաջին Հանրապետության հարյուրամյակը նշել նշել տոնակատարությամբ, ուժեղ բանակով, համախմբված, անկախ, զորեղ Արցախի Հանրապետությունուվ։ Արամի արձանը բացվելու էր մայիսի 28-ին, բայց անգամ դա իր կյանքի պես եղավ շատ դժվարին․ պոպուլիտական կոչերով իշխանության եկածները տևական ժամանակ խոչընդոտում էին արձանի բացումը՝ մինչև որ առանց պետական թույլտվության 2018 թ. հունիսի 17 Երևանի կենտրոնում վեր խոյացավ hանրապետության հիմնադրի արձանը»։
Նա նաև հիշեցրեց․ «Արամի հուշարձանի մոտ 2018 թ․-ին ներկայիս հայրենադավը հայտարարեց, որ ՀՀ պետական և հանրային այրերի, ժողովուրդի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքելությանը և այնպես ապրել, որպեսզի իրավունք ունենանք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը և Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է։
Ինչպիսինն էր Արամը, որին 2018-Ին խոստացավ նմանվել այդ օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու իր իշխանությունը, խոստացավ ու հակառակը գործեց․ Արամ Մանուկյանը չեղած պետականության պայմաններում հայությանն առաջնորդեց հաղթանակի՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, իսկ հակաԱրամը, ով գործեց անցնող երեք տարիներին, Արամ Մանուկյանի գաղափարներին հակառակ՝ իր տրամադրության տակ ունենալով թեկուզ թերություններով, բայց կայացած պետական համակարգ, անվտանգային համակարգ, լիարժեք անվտանգային համակարգ, Զինված ուժեր, հանգեցրեց 44 օրյա պատերազմից հետո կապիտուլյացիայի այն էլ՝ գաղտագողի, ստորաբար ու շարունակում է ամեն օր զիջել, շարունակում է զիջել ծնկածի պես, պարտվածի պես։ Արամ Մանուկյանը չբողոքեց ամեն քայլափոխի, թե երևանցին վախենում է ռազմաճակատ գնալ, երևանցին վախենում է զենք վերցնել, այլ ուղղակի երկաթյա բազկով սաստեց այդ ամենը, միավորեց ժողովրդին, առաջնորդեց դեպի Սարդարապատ, իսկ հակաԱրամը պատերազմի օրերին զբաղված էր միայն ֆեյսբուքում գրառումներով, երևակայական դավաճաններ ու դավաճանություններ փնտրելով ու չզբաղվելով իր պարտականությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում