Ո՞ր դեպքում ՀՀ զինված ուժերը ուժ կկիրառեն և կոչնչացնեն ադրբեջանցի զինծառայողներին

Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թե քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։

ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

«Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը: Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր»,- ասաց նա։

Հարցին՝ քաղաքական ղեկավարության կողմից հրաման կա՞ չկրակելու, Ասրյանն արձագանքեց՝ այդպիսի բան չկա, քաղաքական ղեկավարությունն այդպիսի հրամաններ չի տալիս։

«Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ, պայմաններ։ Կրակել-չկրակելու հարցը քննարկում և լուծում տալիս ենք մենք: Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, և լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդն արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք, միանշանակ, կկիրառենք ռազմական ուժ, զենք և կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ, ԶՈւ-ն պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարել: Այդ նախանշանները, իմ գնահատականով, դեռևս չկան, եթե լինեն, ուժ կկիրառենք և կոչնչացնենք հակառակորդի զինծառայողներին: Եթե հակառակորդը փորձեց իր ուժերը որոշակի մեզնից հեռացնել, դա առաջին նախանշանն է, որ նա պատրաստվում է ուժ կիրառել, մենք նրանից առաջ կանցնենք»,- մանրամասնեց գեներալը:

Տեսանյութեր

Լրահոս