Նիկոլ Փաշինյան․ մահվան կառավարիչը

Հայաստանի կառավարումը կատարելապես ձախողած, Հայաստանին ու Արցախին աղետ և մահ բերած Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում  ինչ-որ բան կառավարելու մասին իր պատրաստակամությունը հայտնելու համար։ Շաբաթներ առաջ նա դեմքի լիրիկական արտահայտությամբ խոսում էր թշնամանքի կառավարման անհրաժեշտության մասին։ Օրեր անց ադրբեջանական զինված ուժերի՝ սկզբում հարյուրավոր, ապա՝ հազարից ավելի ներկայացուցիչներ հատեցին Հայաստանի սահմանը և տեղակայվեցին ՀՀ ինքնիշխան տարածքում։

Թշնամանքի կառավարման փաշինյանական մոտեցման արդյունքում թշնամական երկրի զինվորներն արդեն երկու շաբաթից ավելի Հայաստանի սուվերեն տարածքում են, նախօրեին սպանել են հայ զինվորի, իսկ արդեն մայիսի 27-ին նույն այդ թշնամին գերեվարել է 6 հայ զինծառայողների։ Սա կարճաժամկետ կտրվածքով թշնամանքի կառավարման հետևանք է, որը չափելի է ու կշռելի՝ չափելի մարդկային կյանքով ու մարդկային ճակատագրերի խեղմամբ։

Թշնամանքի կառավարման հարցում ահա այդպիսի արդյունքներ արձանագրած Նիկոլ Փաշինյանը որոշել է կառավարման այլ սուբստանցիայով զբաղվել։ Խոսելով Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարման մասին, կառավարության նիստում նա հայտարարել է՝ «սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք շրջահայացորեն»։ Սարսափելի է անգամ պատկերացնել, թե օրեր, շաբաթներ հետո ինչ հետևանքներ են արձանագրվելու արդեն սադրանքների կառավարման արդյունքում։

Իրականում սա Նիկոլ Փաշինյանի մտածողության, աշխարհայացքի հիվանդագին խեղման դրսևորում է։ Նրան, ըստ ամենայնի, թվում է, որ եթե ինքը զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը, ուրեմն ամեն ինչ ենթակա է կառավարման։ Դա լավագույն դեպքում՝ մոլորություն է, իրականում՝ հանցագործություն պետության ու քաղաքացիների նկատմամբ։ Որովհետև, ինչպես թշնամանքը, այնպես էլ՝ թշնամու կողմից իրականացվող սադրանքները ոչ թե կառավարման, այլ պատասխանի, համարժեք պատասխանի ենթակա կատեգորիաներ են։ Ահա այդ պատասխանի բացակայության դեպքում, ինչպես թշնամանք, այնպես էլ սադրանքներ կազմակերպող կողմը դա ընդունում է՝ որպես անհամարժեքության նշան, և շարունակում է թշնամանքն ու սադրանքները։

Նիկոլ Փաշինյանի լեզվամտածողությունը մատնում է ամեն ինչ կառավարելու նրա անհագուրդ ցանկությունը։ Նա չի արձանագրել, կամ նրան չեն զեկուցել, սակայն, որ իր մոտ իրականում ստացվել է հրահրել ու կառավարել միայն Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետն ու հազարավոր մահերը։

Նիկոլ Փաշինյանը աղետի ու մահվան կառավարիչ է։

Նիկոլ Փաշինյանը նաև պետականաքանդության կառավարիչ է։

Դասական ընկալմամբ, կառավարիչները կառավարումն իրականացնում են սեփականատիրոջ պատվերով։

Պատմությունը, գուցե նաև իրավական քննությունը երբևէ կպարզի՝ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իրականացրած աղետի ու մահվան կառավարման իրական սեփականատերերն ու պատվիրատուները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս