Ադրբեջանցիները 4 պոստ են դրել Սև լճի հատվածում. Սյունիքի մարզպետ

Մայիսի 12-ից ՀՀ պետական տարածքի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականներն այսօր վաղ առավոտյան  Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից 6 զինծառայող են գերեվարել:  Սյունիքի մարզպես Մելիքսեթ Պողոսյանը Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողներին վստահեցրեց, թե Սյունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ուժերն ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում, կրակոցներ էլ չկան:

«Եկել են, պետական սահմանը խախտել են ու նստած են իրենց նշված տեղերը»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը:

Հարցին, թե ի՞նչ ասել է՝ «նշված տեղեր», ու քանի՞ հոգի են, Սյունիքի մարզպետը պատասխանեց.

«Հիմա քչացել են… 4 հատ պոստ են իրենց մոտ, 4-ն էլ մերն է: Ամեն պոստում թող լինի 25-25, 100 հոգի: Մեր հատվածում, Սև լճի հատվածում եմ ասում»:

Դիտարկմանը, թե Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասել է, որ Սյունիքում ադրբեջանցիների թիվը հասնում է 1000-ի, գործող մարզպետ Պողոսյանն արձագանքեց, թե «միգուցե ինքը տարբեր տեղեր գիտի, ես չեմ իմանում տենց տեղեր»:

Սյունիքի մարզպետը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք մարզի սահմանապահ զինվորներին տրվել է գերի չվերցնելու ու չկրակելու հրահանգ: «Էդ բանակից հարցրեք, էլի»,- լրագրողներին հորդորեց մարզպետը:

«Իրավիճակը այս պահին նորմալ է, կրակոցներ չկան, և՛ հակառակորդը, և՛ մենք նստած ենք մեր նշված հատվածներում»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը՝ հերքելով նաև տեղեկությունը, թե Սյունիքի գյուղերից մեկից կանանց ու երեխաներին տարհանել են:

Տեսանյութեր

Լրահոս