Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԻԻՀ ԱԳ նախարարին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է բարեկամ Իրանի արտգործնախարարի այցը և ընդգծել, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարևան: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին և սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով նոր սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Հայաստանը միշտ էլ Իրանի լավ բարեկամն է եղել, և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից: Արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը շեշտել է, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը և պատրաստ է հնարավոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Նա միևնույն ժամանակ շեշտել է իր երկրի շահագրգռվածությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է հարգանքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ:
Հանրապետության նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի առջև ծառացած նոր մարտահրավերները պարտադրում են աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: Նշելով, որ Իրանը և Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են, նրանք կարևորել են համատեղ տարբեր ծրագրերի շրջանակում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը: