Հրաժարականներ կլինեն Զինված ուժերում

Օրերս գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ փոխարինելով Կարեն Աբրահամյանին:

Ի դեպ, ԳՇ-ից 168.am-ին ասել էին, որ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին նշանակելու են հավասարազոր պաշտոնի, մինչ այժմ, սակայն, այս մասին նորություն չկա:

Ինչ վերաբերում է Էդվարդ Ասրյանի նշանակմանը, ապա 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը դեմ է եղել այս նշանակմանը, սակայն ՀՀ ԶՈՒ  ԳՇ պետ Արտակ Դավթյանը կարողացել է հասնել այս նշանակմանը:

Առհասարակ, ասում են՝ Արտակ Դավթյանը այս և այլ հարցերում կարողանում է «հաղթել» Վաղարշակ Հարությունյանին: Եթե սահմանային ներկա խառը վիճակը, ինչպես նաև գեներալ Մակարյանի շուրջ իրավական խնդիրները չլինեին, ապա Արտակ Դավթյանի որոշումներով ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների և կրճատումների գործընթաց էր ակտիվ ընթանալու: Մակարյանը պետք է համակարգեր այդ գործընթացը:

Ի դեպ, ԳՇ-ն ՊՆ-ի կառուցվածքային փոփոխությունների պլանավորման գործում  հաշվի չի առել ՊՆ վարչության պետերի կարծիքը, նաև չի հրավիրել քննարկումներին:

Այս գործընթացի ճակատագիրն արդեն պարզ կդառնա ընտրություններից հետո:

Վերադառնալով Ասրյանին, նշենք, որ նա այն գեներալներից է, որ ստորագրել էր Օնիկ Գասպարյանի ԳՇ  ղեկավարման օրոք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ զինված ուժերում պաշտոնազրկումներ կլինեն: Մասնավորապես, պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Ի դեպ, նա զորացրման դիմումը վաղուց էր գրել:

Պողոսյանը չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ:

Մեր տեղեկությունների համաձայն՝ սպառազինության գնումների գործընթացում չարաշահումների հարցով քրեական գործ հարուցելու խնդիր է եղել:

Զբաղեցրած պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տան ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը: Նրանք միացել էին Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Տեսանյութեր

Լրահոս