«Օր ու արև չենք տալու․ պահը օրհասական է, մենք օր չունենք». Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները մայիսի 20-ին հայտարարություն էին տարածել, որտեղ հերթական անգամ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Այսօրվա Արցախի իշխանություններն ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:

Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը և ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում ենք Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում նախատեսված արտահերթ ընտրություններին որևէ կերպ գործող իշխանություններին աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից»,- նշված էր հայտարարության տեքստում:

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հայտարարարությունը տարածվել է հիշեցման կարգով, քանի որ նախորդ տարի նոյեմբերի 12-ին Արցախի խորհրդարանական խմբակցություններից 4-ը՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները, միասնական համաձայնությամբ պահանջել էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը տարբեր պատճառաբանություններով, նաև հիմնվելով Սահմանադրության այն հոդվածի վրա, ըստ որի, նախագահության մեկ տարին չէր լրացել, ասաց, որ ինքը հրաժարական չի կարող տալ, եթե հրաժարական տար, ապա դա պետք է աներ բարոյական նորմերի սահմաններում, որը, իհարկե, չարեց։ Քաղաքական առումով մենք այն ժամանակ չէինք կարող պահանջել հրաժարականը, այսինքն՝ այլ կերպ ճնշում հնարավոր չէր գործադրել։ Այդ ամենին հետևեց Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 16-ի սրտաճմլիկ ելույթը, նա հայտարարեց, որ, երբ տեսնի իր հրաժարականի այդ պահանջը, ապա կգնա այդ քայլին, նաև դուրս է գալու «Ազատ հայրենիք» կուսակցությունից, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ այս ամենին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում երկու նախարարների նշանակումը՝ Սոցապ նախարար Մանե Թանդիլյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին։ Այս ամիսների ընթացքում այդ կառույցները կատարում են այն հրահանգները, որոնք ստանում են Նիկոլ Փաշինյանից, քանի որ շատ տարօրինակ ձևով իրենք իրենց գործառույթները չեն իրականացնում, ավելին՝ Արցախում տարածում ու գովերգում են Նիկոլ Փաշինյանին։

«Քանի որ այսօր մայիսի 21-ն է՝ ուղիղ մեկ տարի առաջ այսօր էր Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, մենք հավաքվեցինք և որոշեցինք վերահաստատել մեր նախորդ տարվա նոյեմբերին հնչեցրած հայտարարությունը։ Սակայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը, որը ղեկավարում է Սամվել Բաբայանը, ժամանակ են խնդրել և այս անգամ մեզ չեն միացել, առ այսօր իրենց կողմից որևէ ձայն չկա, ստիպված մենք՝ երեք խմբակցություններով, այդ հայտարարության տեքստը հրապարակեցինք»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը նկատեց, որ Արցախի պատերազմից հետո, երկրի մեջքն ուղղելու և առաջ գնելու փոխարեն, հակառակ գործընթացներ են տեղի ունենում, և գնալով համոզվում են, որ Արցախն ինչպես վերջին երեք տարիներին չուներ անվտանգության երաշխիք, այսօր առավել քան վատ վիճակում է։

«Այսօր մարդիկ իրենց ապագան չեն կարողանում կապել Արցախի հետ, զուտ այն պատճառով, որ կան ներկայիս իշխանությունները, բոլորը դեռևս սպասում են Հայաստանում կայանալիք իրադարձություններին։ Միայն դրանից հետո են ուզում կայացնել որոշում, որովհետև հակառակ դեպքում Արցախը հայաթափվելու է, և այն մարդիկ, ովքեր իմ կամ մեր խմբակցությունների պատգամավորների հայտարարությունները որակում են՝ որպես խուճապ առաջացնող հայտարարություններ, նրանք ուղղակի կեղծում են, ստում են հերթական անգամ։ Իրականությունն այն է, ինչի մասին մենք խոսում ենք։ Մարդիկ այստեղ սպասում են Հայաստանի իրադարձություններին՝ հասկանալով, որ դրանցից է կախված Արցախի ճակատագիրը, եթե Հայաստանում նորից Նիկոլ Փաշինյանի հանցավոր վարչակազմը վերածնվեց և եկավ իշխանության, ապա Արցախը միանշանակ հայաթափվելու է»,- ընդգծեց նա։

Հայտարարություն տարածելուց բացի, ի՞նչ գործընթացներ են սպասվում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ հարցին Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ այս ամիսների ընթացքում ակտիվ աշխատել են, որոշակի բացահայտումներ արել, որոնց մի մասի մասին բարձրաձայնել են, որոշների մասին՝ ոչ։

«Այսպես ասեմ՝ օր ու արև չենք տալու, քանի որ պահը օրհասական է, եթե որևէ մեկը սա չի գիտակցում, ապա մենք հստակ ենք գիտակցում, որ օր չունենք։ Եթե այսօր հանձնել են Արցախը, զոհեցին հազարավոր հայորդիների ու մարսում են, ապա իրենց այս հանցավոր գործունեությունը շարունակելու են, և աստիճանաբար թշնամին ոչ թե՝ զենք կիրառելով, այլ՝ սողալով գրավում է Հայաստանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս