«Իմ տեղեկություններով, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով փաստաթղթին, որը պատրաստվում է ստորագրել, այլ շեշտադրումներով է խոսել։
«Նա նշել է, որ այն պայմանները, որոնք բավարարվեն, ապա այդ պայմաններով որևէ հարց դիտարկելը, տվյալ պարագայում իր նշած հարցը, կարող է բխել ՀՀ շահերից։ Այստեղ կարևոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը, իհարկե, պարտադիր է։ Իմ տեղեկություններով, ռուսական կողմը Հայաստանին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը։ Իմ ունեցած տեղեկություններով, հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն, կարող է լինել միայն այն դեպքում, եթե ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ, իր տեղեկություններով, Տավուշի մարզում մի քանի գյուղ թշնամուն հանձնելու մասին խոսք չկա։
«Եթե մտածենք, որ այն, ինչ հրապարակվել է, եթե նման բան լիներ, ապա այն հրապարակած անձանց որևէ բան չէր խանգարում՝ ոչ թե փակեր այդ փաստաթղթի տվյալ հատվածը, այլ դրանք հրապարակեր»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի՝ պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։
«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:
Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:
Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Միքայել Մինասյանն էլ նիստից հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»։