«Փաշինյանին պետք է սթափեցնել, որ ինքը ժողովուրդը չէ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այսօր արտահերթ նիստ են հրավիրելու՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստի ժամանակ ներկայացրած փաստաթուղթը։ Խմբակցության ներկայացուցիչները ցանկանում են տեղեկանալ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, և ինչու է պատրաստվել առանց խորհրդարանի։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ արտահերթ նիստի կարող են ներկայանալ Փաշինյանը կամ նրա «խայտառակ եղած Գլխավոր շտաբի պետը, կամ խայտառակված Պաշտպանության նախարարը»։
«Ով ուզում է՝ թող ներկայանա, մեզ պետք է տեղեկատվություն, այդ թղթի նախագիծը, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը ժողովուրդն է, և այն, ինչ ինքը գիտի, հետևաբար՝ ժողովուրդը գիտի։ Փաշինյանին պետք է սթափեցնել, որ ինքը ժողովուրդը չէ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն և դրա հետ կապված ընթացակարգերին, Էդմոն Մարուքյանը լրագրողներին հորդորեց բոլոր այդ հարցերը տալ Անվտանգության խորհրդի քարտուղարին, որն այնքան ազատ ժամանակ ուներ, որ հեղափոխության մասին գիրք էր գրում։
«Ես կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին դիմելը ճիշտ էր։ Թե ինչ ենք ստացել, ես չեմ խոսում Վլադիմիր Պուտինի հետ, նրա հետ խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ քննարկումները ստվերում են, և մենք որևէ տեղեկություն չունենք։ Հիմա որ դուք ձեր տունը չպաշտպանեք, ձեր հարևանին կարո՞ղ եք խնդրել ձեր տունը պաշտպանի, ինչքան էլ որ նա լավ հարևան լինի։ Ուզում եմ հասկանալ, մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ չենք ուզում։ ՀԱՊԿ-ին դիմելը ճիշտ էր, քանի որ, եթե չէինք դիմելու, ապա երկրորդ ալիքն էր լինելու։ Հայկական կողմը ռազմական գործողություննե՞ր է իրականացնում, ռուսական կողմն էլ չի՞ աջակցում»,- հավելեց Է. Մարուքյանը։
Նա վստահ է, որ եթե անհրաժեշտ տեղեկատվություն չտրվի հանրությանը, ապա ստեղծված իրավիճակը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։