«Ինչպես երեկ է եղել, այնպես էլ այսօր է․ ոչ մի փոփոխություն չկա»․ Գորիսի փոխհամայնքապետ

Սյունիքում երեկ հերթական բանակցությունների ավարտին շրջանառվեց տեղեկություն, թե քառօրյա բանակցություններն ավարտվել են հօգուտ հայկական կողմի։

168.am-ն առավոտյան Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանից փորձել էր ճշտել, թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, վերջինս, սակայն մանրամասներ չէր հայտնել՝ նկատելով.

«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, իրավասու չեմ, սպասեք պաշտոնական հայտարարության, կամ դիմեք ավելի բարձր ատյաններին»։

Պաշտոնական հայտարարությունը եղավ ավելի ուշ․Անվտանգության խորհրդի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»։

168.amԳորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակ է այս պահին մարզի այն տարածքներում, որտեղ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել և դիրքավորվել էին, ի պատասխան՝ նա ասաց․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ ինչպես երեկ է եղել, այնպես էլ՝ այսօր է․ ոչ մի փոփոխություն չկա։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նոր բանակցություններն ամսի19-ին պետք է լինեն»։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիներն Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Տեսանյութեր

Լրահոս