Կառավարությունը 2 մլն դոլար ներդրման խոստման դիմաց 50 տարով անհատույց անշարժ գույք է նվիրել

Կառավարությունը «ԷՅԷԼՋԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ԿՈՆՑԵՊՏ» ընկերությանը 4448.79 քմ ընդհանուր մակերեսով գույք է հանձնել՝ 50 տարով անհատույց օգտագործման իրավունքով,  որպեսզի ընկերությունն իրականացնի 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Անշարժ գույքը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում:

Այս որոշման վերաբերյալ Ֆինանսների  նախարարությունը որևէ առարկություն չի ներկայացրել։

Փոխարենը՝ ծավալուն առարկություն է ներկայացել Կառավարության մեկ այլ որոշման վերաբերյալ, որով Տավուշի մարզկենտրոն  Իջևան քաղաքում գտնվող  18.163.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 107.88 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է  «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը» ներկայացված ծրագրի համաձայն՝   պարտավորվել է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում անշարժ գույքի վերանորոգման, սարքավորումների ու գույքի ձեռքբերման համար կատարել 8.269.000 ՀՀ դրամի ներդրում­ներ:

Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած առարկության՝ այս նվիրատվության վերաբերյալ հարց է առաջանում՝ արդյո՞ք հիմնավորված է, որ ընկերության առաջարկած ծրագիրը տնտեսական գործունեության ծրագիր չէ, և  անհատույց նվիրատվությամբ արդյո՞ք բիզնես դաշտում անաչառություն կպահպանվի, կամ արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առաջարկվող տարածքին համարժեք տարածքն անհատույց օգտագործմամբ տրամադրել նաև մեկ այլ տնտեսվարողի, չէ՞ որ ենթադրվում է՝ կա ընկալում, որ տարածքի անհատույց տրամադրումը նույնպես ֆինանսավորման եղանակ է:

Հետևաբար, տրամադրվող ակտիվի դիմաց ակնկալվող արդյունքը արդյո՞ք նույնքան կոնկրետ է ու չափելի, որքան տրամադրվող ակտիվն է: Չնայած  առարկությանն ու բարձրացված հարցերին՝ Կառավարությունը որոշումն այդուամենայնիվ ընդունել է։

Տեսանյութեր

Լրահոս