«Մեր բոլորիս բացթողումների արդյունքում իշխանության է եկել ուժ, որը կործանել է ամեն ինչ». Արթուր Վանեցյան
Այսօր տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը: Նախքան բուն արարողակարգին անցնելը, նախ ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ապա «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը նախ ներկաներին շնորհավորեց ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ամուր պետության հիմքն ավանդական ընտանիքն է՝ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ հավելելով, որ հայրենիքի շենացմանն ու հզորացմանն ուղղված նույնանման տեսլականով պայմանավորված են «Հայրենիք» և Հայաստանի հանրապետական կուսակցությունների ներքաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել մեկտեղել ուժերը, դաշինք կազմել և միասին մասնակցել Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Անցած օրերի ընթացքում մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչո՞ւ հենց «Հայրենիք»-Հանրապետական դաշինք, ի՞նչն է մեզ միավորում, և մեր երկիրն այս մղձավանջից դուրս բերելու ի՞նչ ուղիներ ենք մենք տեսնում: Առաջիկայում այս մասին շատ ենք խոսելու, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ամեն քաղաքացի հստակ իմանա, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու իշխանության ղեկը ստանձնելուց հետո: Որպեսզի մեր ծրագիրն ամբողջական լինի՝ կարևորում ենք մեր հայրենակիցներին հուզող բոլոր խնդիրների հավաքագրումն ու ցուցակագրումը: Այս գործընթացը մեզ հնարավորություն կտա մեր ծրագրերում ներառել բոլոր խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուղիները»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ նախընտրական շրջանը միայն խոստումներ տալու, մրցակիցների նկատմամբ սեփական առավելությունն ի ցույց դնելու փուլ չէ.
«Չկա՛ նման բան: Հատկապես հետպատերազմյան շրջանում քարոզարշավը նման առիթներով օգտագործելը համարում եմ անթույլատրելի: Կարևոր բան կա, որ բոլորս պետք է լավ գիտակցենք, մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, ու դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ: Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ, դրա վառ ապացույցն է օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումը Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներ, այդ սպառնալիքը հաղթահարելու միայն մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հնարավորություններն ու կարողությունները, իրականացնել նվիրական և հետևողական աշխատանք: Հավատացնում եմ ձեզ, մեր ժողովրդի վիշտն ու ցավը մինչ այս պահը ոչ ոք լիարժեք չի հասկացել, չի ընկալել և չի ընդունել, խնդիրները յուրովի են ընկալվում մեր հանրության տարբեր շերտերի կողմից, մենք սկսել ենք իրար չհասկանալ, միմյանց կարծիքը հաշվի չառնել, մանիպուլյացիաների արդյունքում հանրությունը բաժանվել է սևերի և սպիտակների, հների և նորերի… Սա ճանապարհ է դեպի փակուղի, այսպես շարունակել չի կարելի»:
Վանեցյանի խոսքով՝ իրենք համերաշխություն են բերելու Հայաստանին, և «Պատիվ ունեմ» դաշինքի ձևավորումը դրա վառ ապացույցն է:
«Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը, գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը, լսելու և հասկանալու մեր երկրի իրական խնդիրները, ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց հաղթահարման գործին, այլ տարբերակ չկա, բավական է արդեն: Արդյունքում մենք ամրագրելու ենք՝ գիտենք, կարող ենք և կանենք: Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ՝ ուղղի՛ր մեջքդ, կպնե՛նք գործին, որ ապրե՛նք: Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին: Պատի՛վ ունեմ»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում