Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Վիեննայում մայիսի 13-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշել է, որ Հայաստանն այդ գործողությունները դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխան տարածքի հանդեպ, որի նպատակն է Հայաստանի պետական սահմանի երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծումը, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումը։

Դեսպան Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն առայժմ փորձում է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով՝ հետագա սրացումից և հնարավոր զոհերից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման սադրիչ գործելաոճը։

Այնուհետև ՀՀ դեսպանը նշել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիքը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ «Ադրբեջանի սադրիչ գործողությունների ֆոնին այդ երկրում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։ Ադրբեջանի կողմից վերջին տարիների ընթացքում անցկացված զորավարժություններից առնվազն երկուսին հետևել է Արցախի դեմ հարձակումը՝ 2016 և 2020 թվականներին․․․»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի նման ռազմատենչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:

Տեսանյութեր

Լրահոս