Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը
Մայիսի 11-ին Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնում կայացել է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման օնլայն հարթակի շնորհանդեսը:
« Այս կենտրոնը հիմնադրել ենք Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար: Դրա նպատակը ոչ միայն տնտեսվարողներին ֆինանսական ծառայությունների մատուցումն է ու մասնագիտական խորհրդատվությունը: Համատեղ ուժերով այն դարձնելու ենք հարթակ, որտեղ հանդիպելու են փորձագետներն ու բիզնես հանրությունը՝ քննարկելու առկա տնտեսական միտումները, գտնելու լուծումներ, ուղղակի հաղորդակցվելու»,- ողջույնի խոսքում ասաց Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:
Միջոցառմանը մասնակցում եւ տնտեսության զարգացման արդի միտումները, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հեռանկարները ներկայացրեց «ԲիԷսՍի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գեւորգյանը:
«Վերջին շրջանում ամենատարածված միտումներից մեկը ծառայությունների թվայնացումն է՝ այդ թվում ֆինանսական ոլորտում: Ժամանակը դարձել է ամենաթանկ ռեսուրսը: Այս տեսանկյունից համացանցում՝ օնլայն տարբեր հարթակներում ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսվարողներին շատ կարեւոր է: Կոնվերս Բանկը, հետեւելով բիզնեսի զարգացման միտումներին, վարկավորում է առաջարկում նաեւ օնլայն հարթակում»,- իր խոսքում ասաց Սամվել Գեւորգյանը:
Բանկի ՓՄՁ վարկավորման օնլայն հարթակը գործարկվել է վերջերս: Այսօր հարթակում փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարող են դիմել վարկավորման՝ լրացնել համապատասխան հայտ: Հասանելի է նաեւ վարկավորման ամբողջ գործընթացը Կոնվերս Ֆասթ եւ Կոնվերս Բրիջ պրոդուկտների շրջանակում:
«ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակում հասանելի վարկատեսակների ցանկը պարբերաբար կհամալրվի՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ստանալ տարբեր նպատակներով ֆինանսավորում՝ հնարավորինս սեղմ ժամկետում եւ մրցունակ պայմաններով»,- ներկայացնելով հարթակը՝ ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Միջոցառման ավարտին՝ անմիջական ու ջերմ միջավայրում, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: