«Որտե՞ղ է ՀՀ կապիտուլյանտ վարչապետը՝ իր ողջ ոչնչությունների իշխանությամբ․ թշնամին 3 կմ ճակատային գծով խախտել է սահմանը». Նարեկ Սամսոնյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց, որ սա հերթական ապացույցն է, որ Հայաստանում չկա իշխանություն:
«Սա հերթական անիշխանության մասին վկայությունն է: Ի՞նչ է նշանակում՝ ռուս խաղաղապահները քաղաքապետների հետ միասին բանակցում են ադրբեջանցիների հետ: Մենք բառի բուն իմաստով անտեր պետություն ենք, պետություն ենք, որը չունի իշխանություն, կամ ունի իշխանություն, որն ուղղակիորեն ղեկավարվում է ՀՀ թշնամիների կողմից»,- ասաց Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի իշխանությունների միակ խնդիրն իրենց քաղաքական հակառակորդներն են:
«Մեր իշխանությունները բացառապես զբաղված են Հաաստանի ներսում Ադրբեջանի հակառակորդներին չեզոքացնելու գործով: Նրանց խնդիրը մենք ենք՝ իրենց ընդդիմադիրներն են, տարածքները չեն, սահմանները չեն, որովհետև ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի նման երևույթի, կապիտուլյանտի համար ընդամենը տարածք է, հայրենիք չէ, նա թքած ունի»,- ասաց Սամսոնյանը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները կարճ կյանք են ունենալու:
«Այն պահին, երբ այս դավաճանների կառավարությունը կվտարվի Հայաստանի իշխանության ղեկից, այդ պահից սկսած մենք մեր սահմանների դեմարկացիան վերանայելու ենք»,- ասաց Սամսոնյանը և պնդեց՝ գիտի, որ բարդ է լինելու:
Նարեկ Սամսոնյանը նկատեց, որ բացի ՊՆ-ն հայտարարությունից, որը ոչ հերքում, ոչ հաստատում էր մամուլում շրջանառվող, ապա Սյունիքի համայնքապետերի, քաղաքապետների մակարդակով հաստատված տեղեկատվությունը, այլ հայտարարություն մեր ղեկավարների կողմից չի եղել:
«Թշնամին 3 կմ ճակատային գծով խախտել է սահմանը, որտե՞ղ է ՀՀ կապիտուլյանտ վարչապետը՝ իր ողջ ոչնչությունների իշխանությամբ, այստե՞ղ էլ են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մեղավոր: Սյունիքում փաստացի տարածք է հանձնում էս մարդը… Ես կարող եմ ամեն ինչ դնել սեղանին և ասել, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի իմացությամբ հենց հիմա Սյունիքում տարածք է հանձնվում»,- ասաց Սամսոնյանը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը նաև պատմեց, որ ստեղծվել է «Antinikol» շարժում, որը նպատակ ունի համախմբել այն բոլոր մարդկանց, ովքեր մեր երկրի ապագան չեն կապում Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության հետ: