«Դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, որքան իշխանության մնան այս մարդիկ». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միջև այսօր ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրելուց հետո առաջինը ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախ շնորհավորեց հայ ժողովրդին Եռատոնի կապակցությամբ։
«Ճիշտ է, տոնելու տրամադրություն չունենք, բայց չենք կարող մոռանալ այն մարդկանց, որոնք այդ տոները նվիրել են մեր ժողովրդին»,- նշեց Երկրորդ նախագահը։
ՀՀ երկրորդ նախագահն իր ելույթում հնչեցրեց հարցեր ու տվեց դրանց պատասխանները: Ո՞րն է հենց այս կազմով ու ձևաչափով «Հայաստան» դաշինքը ձևավորելու նպատակը՝ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությամբ՝ այսօր երկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ։ Երկիրն ունի կառավարման ու տնտեսական ճգնաժամ։
«Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ, և պետք են ուժեր, մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես, որովհետև ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, կուտակված գիտելիքներ անվտանգության պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում։ Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակված փորձն ու գիտելիքները համընկնում են։
Ինչո՞ւ Դաշնակցությունը, որովհետև սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել է ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է նաև կառավարության անդամ իմ նախագահության տարիների ժամնակ, նույնիսկ, երբ կոալիցիա ձևավորված չէր, փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել։
Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ, որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար։ Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք այս տարածաշրջանում որպես գործոն, թե՞ դառնալու ենք կցորդ։ Կարծում եմ՝ այսօր Սյունիքը մեր պայքարի սիմվոլն է հանդիսանում»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։
Իսկ ինչու՞ պետք է գործող իշխանությունը հեռանա՝ հնչեցրած հարցին Երկրորդ նախագահն այսպես պատասխանեց՝ ՀՀ ներկայիս իշխանությունը հանդիսանում է երկրի պարտության խորհրդանիշը, պարտության դեմքը, ձայնը, ուստի նման դեմքով ու ձայնով անհնար է նայել ապագային։ Հնարավոր չէ առաջ գնալ՝ նման կնիքը ժողովրդի ճակատին ունենալով, ուղղակի անհնարին է։
«Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի համար, 11 հազար վիրավորների, 35 հազար անօթևան մնացած հայրենակիցների համար, այս իշխանությունը բերում է տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է։ Դավաճանության և Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, որքան իշխանության մնան այս մարդիկ։ Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի պատասխանել մի շարք կարևոր հարցերի»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր հուշագրի ստորագրումից հետո Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքը կանցկացնի հանրահավաք։