Բոլորս հասկանում ենք, որ երկրում ամեն ինչ ընթանում է սխալ հունով, գիտակցում ենք՝ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ․ Վահե Հակոբյան
«Քաղաքական ուժ ստեղծելու որոշումը և իմ, և իմ թիմակիցների համար մեր կյանքի, թերևս, ամենադժվարին որոշումներից էր, որովհետև մենք այս քայլին դիմել ենք ոչ թե Հայաստանի հարյուրից ավելի կուսակցությունների շարքը ևս մեկով համալրելու համար, այլ պետության և հասարակության առջև ունեցած պարտավորություններից ելնելով»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա վստահեցրեց՝ «Վերածնվող Հայաստանը» ինչ-որ առումով ամենաժողովրդավարականն է քաղաքական միավորների մեջ, քանի որ քաղաքական թիմի կորիզը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն են, որոնք արդեն ունեն հանրության վստահության քվեն։
«Մեր կուսակցությունը, ակունքներում ունենալով Սյունյաց աշխարհը, ոչ միայն չի սահմանափակվում Սյունիքով, այլ Սյունիքի մոդելով լուծելու է Հայաստանի առջև դրված խնդիրները․ Սյունիքի անվտանգությունը նաև մեր բոլոր մարզերի և առհասարակ Հայաստանի խնդիրն է։
Բոլորս հասկանում ենք, որ երկրում ամեն ինչ ընթանում է սխալ հունով, գիտակցում ենք, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, և քաղաքականություն մտնելը դիտարկում ենք՝ որպես այդ փոփոխություններն իրականացնելու հնարավորություն։ Մենք քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում ոչ սովորական պայմաններում՝ պետության և հասարակության համար օրհասական ժամանակներում, մենք հասկանում ենք նաև, որ հրապարակ ենք գալիս մի իրավիճակում, երբ աղմկոտ պոպուլիզմը լռեցրել է ցանկացած բանական միտք ու գաղափար, երբ քաղաքականության մեջ հաջողության հասնելու գրավականը դարձել է հանրությանը մոլորեցնելու կարողությունը, ստելու և կեղծելու ունակությունը, բայց մենք չենք հուսահատվում և ավելի վճռական ենք դարձել»,- նշեց Վահե Հակոբյանը, ապա ամփոփելով՝ հայտարարեց, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին՝ հանրությանն առաջարկելով էականորեն տարբերվող այլընտրանքներ, գաղափարներ և դրանց վրա հիմնված ծրագրեր։
Մանրամասները՝ տեսանյութում



