Ինքնամերժման 50 երանգները

«Դու գնացիր, ու ողջ երկիրը հետդ տարար,

այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ»

Արտավազդ

ԱԺ մայիսի 3-ի հատուկ նիստում, որը կոչված էր «ընտրելու» վարչապետ, կապիտուլյանտը խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ կիրառեց «մերժված» բառը։ Եվ դա՝ այն դեպքում, երբ կապիտուլյանտը կազմակերպում էր սեփական ինքնամերժումը՝ ամեն գնով իշխանություն պահելու համար։ Հենց սրանում է կայանում ճակատագրի ողջ զավեշտը․ Սերժ Սարգսյանը հանձնեց սեփական իշխանությունը՝ ինքնամերժումից խուսափելու համար։ Կապիտուլյանտը կազմակերպում է սեփական ինքնամերժումը՝ ունեցած  իշխանությունը  պահելու դիմաց։

Նույն այդ հատուկ նիստում, խոսելով ստեղծված պետականագոյության ճգնաժամի մասին, կապիտուլյանտը ջանում էր ամեն կերպ պատասխանատվությունը բարդել իրեն նախորդած իշխանությունների վրա։ Իրավիճակը հիշեցնում է հայկական ժողովրդական ավանդազրույցը Արտավազդի մասին։ Ըստ որի՝ Արտաշեսի մահից հետո արքայազն Արտավազդը բացարձակ չի դառնանում և փոխարենը՝ միայն քմծիծաղ տալով՝ դժգոհությամբ բացականչում է. «Նա հեռանում է մեզնից և գրեթե ամբողջ երկիրն է իր հետ տանում: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ»:

Հայոց պատմության մեջ Արտավազդի նորօրյա մարմնացում կապիտուլյանտը ևս ջանում է պատրանք ստեղծել, թե իրեն փլատակներ են բաժին հասել։ Եվ սուտը ոսկե բիլազուկ դարձրած՝ կաշվից դուրս է գալիս կեղծելու համար, իբրև թե փլատակների մեջ էր արցախյան բանակցային փաթեթը։ Եվ դա՝ այն դեպքում, երբ իր կառուցողական գործընկերը հայտարարել էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, և դա՝ կրկին այն դեպքում, երբ նույն գործընկերը վերջերս խոստովանեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր ցանկանում վերադարձնել Լաչինն ու Քարվաճառը։ Թերևս, նորահայտ Արտավազդը միտումնաբար մոռանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Պոպովի հայտարարությունը, որտեղ վերջինս սևով սպիտակի վրա նշեց բանակցային ողջ գործընթացի եղելությունը։

Ամեն դեպքում կապիտուլյանտի հոգեխանգարմունքի պատճառը պարզ էր՝ այն էր՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի զրույցը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ տարաբնույթ փակագծեր բացվեցին։ Ըստ էության Երրորդ նախագահը քողազերծեց վերջին 2,5 տարվա ներքաղաքական կյանքի եռուն ինտրիգներից մեկը՝ ասելով․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության։ Ես սխալվեցի՝ կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»։

Մեկնաբանելով արտահայտության խորքային իմաստը, ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ապրիլի 22-ի մարիոթյան հանդիպմամբ ջանացել է անձնապես համոզվել՝ ունի՞ արդյոք վերջինս կարմիր գծեր, թե՞ իշխանության համար պատրաստ է գնալ մինչև վերջ։ Արդյունքում, զոհասեղանին դնելով իր իշխանությունը, Սերժ Սարգսյանը կանխեց, օտարեց այդ օրերին սպասվող դիվային զարգացումների արյունոտ սցենարը։ Ընդունելով դեպի իրեն ուղղված և արտաքին ուժերի կողմից գեներացվող ցասումի ալիքը, Երրորդ նախագահը կարողացավ սեղմել իր հակառակորդների ձեռքը և փրկել այն ամենը՝ ինչն ավելին արժե, քան ցանկացած իշխանություն։ Ինքնակամ ներկայացնելով հրաժարական, Սերժ Սարգսյանը կապիտուլյանտին զրկեց իրեն մերժելու և իր հանդեպ բարոյական առավելություն ստանալու հնարավորությունից։

Երբ դու հրաժարվելով իշխանությունից, երկիրդ հեռու ես պահում ցնցումներից, դու առինքնում ես՝ որպես պետության ղեկավար։ Երբ դու ընդառաջ ես գնում քո ժողովրդին և ընդունում նրա կամքը, դու առինքնում ես՝ որպես քաղաքական գործիչ։ Երբ դու զոհելով իշխանությունդ, շարունակում ես ապրել քո երկրի հոգսերով, դու առինքնում ես՝ որպես մարդ։

Արդյունքում, մերժման բումերանգն ի վերջո վերադառնում է դեպի այն շպրտողը՝ արդեն վերածվելով ինքնամերժման ակտի։ Երբ դու ստորագրում ես կապիտուլյացիա, դու ինքնամերժվում ես՝ որպես պետության ղեկավար։ Երբ դու իբրև կապիտուլյանտ պահում ես իշխանությունդ, դու ինքնամերժվում ես՝ որպես քաղաքական գործիչ։ Երբ դու թիվ մեկ պատասխանատուն լինելով` համարում ես, որ թիվ մեկ մեղավորը չես, դու սպանում ես ամոթը և ինքնամերժվում՝ որպես մարդ։

Որպես հերոստրատյան հռչակի դափնեկիր՝ ինքնամերժվող կապիտուլյանտը հիշեցնում է հայ ժողովրդի և պատմության կողմից չգոյության գիրկն ուղարկված մի գործչի՝ Վեստ Սարգսին։ Բյուզանդամետ իշխան, ով հայոց թագը ստանալու մարմաջով «մերժեց» հայոց վերջին արքա Գագիկ 2-րդին և Անիի դարպասները 1045թ․ բացեց թշնամու առջև։ Փաստացի մերժելով հայկական պետականությունը և ինքնամերժվելով պատմության առջև։

Բագրատունյաց թագավորությունը նվաճելու մղումով` Բյուզանդական կայսրությունը մեծ աշխատանք տարավ Հայաստանում իր ազդեցության գործակալ տրոյական ձիեր ներդնելու ուղղությամբ։ Դրանցից ամենանշանավորը «երեք կայսրությունների ճորտ» համբավին արժանացած Վեստ Սարգիսն էր։ Մեկը, ով գլխավորում էր Անիում գործող բյուզանդամոլների կուսակցությունը, ջանում էր արագացնել Բագրատունիների կործանումը, թագավորել Անիում և վայելել արքունական գանձերն ու բյուզանդական հովանավորությունը։

Դեռևս 2018թ․ ռադիոտան շենքում ապագա կապիտուլյանտը վանկարկում էր․ «ձեռքերը վեր մարտավարությունը տեսա՞ք ուր ա բերում»։ Վեստ Սարգիսը ևս, 1045թ․, հայոց արքունիքում «բաց ձեռքերի հեղափոխությամբ» և ձեռքերը վեր պարզած՝ Անին հանձնեց թշնամուն։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին, վեր բարձրացված ձեռքերի արդյունքում՝ Շուշիի դարպասները բացվեցին թշնամու առջև, հայոց պետականությունը կապիտուլյացվեց, և մի ամբողջ սերունդ կուլ գնաց թուրքական բայրաքթարներին, քանզի բարձրացրած ձեռքերով հնարավոր չէ դիմադրել, բարձրացրած ձեռքերով կարելի է ԱԹՍ-ահարվել կամ գերեվարվել։

ԱԺ նույն նիստում, սեփական պետությունը և ապա ինքն իրեն մերժող կապիտուլյանտը խոսելով արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցած բանակցային գործընթացի պատմությունից, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում նենգափոխել է իրականությունը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ինքն էր նույն ԱԺ ամբիոնից հայտարարում, թե ի՛նչ պետք է, այն էլ բանակցում է իր կառուցողական ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Հետագայում պատմությունը բացահայտեց, որ Վեստ Սարգիսն էլ, նույն կերպ, ի՛նչ պետք էր, այն էլ բանակցում էր իր կառուցողական գործընկեր բյուզանդական կայսեր հետ։ Բանակցությունների արդյունքում, 1022թ․, Վեստ Սարգիսը կարողացել էր Անիի թագավորությունը Բյուզանդիային կտակելու թուղթ հանձնել վերջիններին։ Գուցեև պատմությունը կրկնվում է, բայց փաստ է մի բան, որ կապիտուլյանտի կառուցողական գործընկեր Ալիևն ամեն օր հոխորտում է, որ ի վերջո ուժով խլելու է Սյունիքը, քանզի այն նույնպիսի թղթով հանձնված է իրեն։

ԱԺ նիստում ինքնամերժվող կապիտուլյանտը հայտարարեց, որ բանակցային գործընթացը մադրիդյան սկզբունքներից շեղվել է 2016թ․ ձմռանը, և հորդորեց Սերժ Սարգսյանին խոսել, թե ի՞նչ է եղել այդ ժամանակահատվածում։ Հայտնված լինելով բանակցային ծուղակում՝ կապիտուլյանտի կառուցողական գործընկերը բնականաբար ջանալու էր փոխել հայկական կողմի բանակցողին՝ քարտ-բլանշ ստանալու հույսով։ Ուստիև Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու համար անհրաժեշտ էին ներհայաստանյան տրոյական ձիեր, որոնք արքունական գանձերի և թշնամու քաղաքական աջակցությունը վայելելու դիմաց, չէին վարանի արագացնել հայկական պետականության անկումը։

2016թ․ ձմռանը, ավելի ստույգ՝ դեկտեմբերի 12-ին Հայաստանում ձևավորվել էր «Ելք» քաղաքական դաշինքը։ Դաշինքի հիմնադիրներից՝ ապագա կապիտուլյանտը, դաշինքի «ելք կա» կարգախոսը բացատրում էր՝ որպես դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց։ Որպես հենց այդ՝ «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր էլ՝ ապագա կապիտուլյանտը սկսեց իր բաց ձեռքերի քայլարշավը։ Ինչի արդյունքում Հայաստանն ու Արցախը ոչ միայն ելք չգտան, այլ նաև կորցրեցին ունեցած առավելություններն ու առկա հնարավորությունները։

Թավշյա իշխանազավթման հետևանքով Հայաստանը ոչ միայն կորցրեց իր կողմից վերահսկվող տարածքի 25%-ը, այլև հազարավոր մարդկային կյանքեր՝ հայտնվելով տնտեսական, սոցիալական ու քաղաքական կոլապսում։ Այնուհանդերձ, բացառապես այլ իրավիճակ ստեղծվեց կապիտուլյանտի կառուցողական գործընկերոջ համար, նրա դեպքում իրավիճակը բացառապես այլ էր, քանզի, ի վերջո,  կարողացել էր ելք գտնել իր փակուղային իրադրությունից։

Փաստացի 2018թ․ բաց ձեռքերի քայլարշավի արդյունքում հայ հասարակությունը մերժեց ինքն իրեն, քանզի, երբ դու ողջունում ու ընտրում ես իշխանություն, որը հակառակորդի ԱԹՍ-ների տակ անխնա կոտորում է քո տղաներին, ապա դու ինքնամերժվում ես՝ որպես մարդ։ Երբ դու ողջունում ու ընտրում ես իշխանություն, որն ընդունում է քո պատմական հայրենիքի նկատմամբ թշնամու իրավունքները, դու ինքնամերժվում ես՝ որպես հայ։ Երբ դու ողջունում ու ընտրում ես մի իշխանություն, որը հայտարարում է, թե կապիտուլյացված լինելով՝ ապագա կա, դու ինքնամերժվում ես՝ որպես ՀՀ քաղաքացի։

Որպես օր օրի խորացող ճգնաժամը հաղթահարելու միջոց՝ կապիտուլյանտն օրակարգ է բերել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եվ այդ հնարավոր ընտրություններում յուրաքանչյուրը պետք է որոշի՝ ցանկանում է առինքնե՞լ, թե՞ շարունակելու է ինքնամերժումը։ Նույն Արտավազդի մասին ավանդազրույցում պատմվում է, որ ավերելով հայոց երկիրը, վերջինս մի օր գետնատակ է լինում, շղթայվում և բանտարկվում Մասիսի քարանձավում։ Կատաղի շները կրծում են նրա շղթաները, բայց երբ դրանք պիտի ընկնեն, գալիս են դարբինները ու նորից ամրացնում երկաթներն Արտավազդի ձեռքերի վրա:

Այսպիսով, արտահերթ ընտրությունների օրը մեզ մնում է դառնալ դարբին և մեր քվեաթերթիկներով շղթայել նորօրյա Արտավազդին և թույլ չտալ նրա ազատումը։

Լևոն Նազարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ ԵԿ անդամ

Տեսանյութեր

Լրահոս