Չինական «Կորոնավակ» պատվաստանյութի մասով դեռ տարիքային շեմը հստակեցված չէ․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:

Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին որպես նվիրատվություն տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

168.am-ն Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ ո՞ր տարիքային խմբում ընդգրկված մարդիկ կարող են պատվաստվել չինական պատվաստանյութով, ԱՆ մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց․

«Չինական «Կորոնավակ» պատվաստանյութի մասով դեռ տարիքային շեմը չենք հստակեցրել, որովհետև նոր ենք ստացել, և մինչև առաջնային օղակին բաժանելը արդեն դա էլ պարզ կլինի»։

Նա հայտնեց նաև, որ այս պահին ազատականացված է «AstraZeneca» պատվաստանյութը, այսինքն՝ 18 տարեկանից սկսած՝ ցանկացած քաղաքացի կարող է պատվաստվել։ Իսկ «Sputnik-V» պատվաստանյութով՝ 18-ից մինչև 55 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները:

Առողջապահության նախարարի խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացին որ պոլիկլինիկայում ցանկանա՝ կարող է պատվաստվել՝ նախապես զանգելով և օր ու ժամ հստակեցնելով։

Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը զրուցել էր ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ, ով անդրադառնալով պատվաստանյութերին՝ ասել էր․ «Այս պահին գործող պատվաստանյութերը բնույթով՝ կառուցվածքով, պատրաստման տեխնիկայով նույնն են․ թե՛ «Sputnik-V»-ն, թե՛ «AstraZeneca»-ն։ Դրանք կոչվում են վեկտորային պատվաստանյութեր։ Այդ ուղևորը կորոնավիրուսի սպիտակուցն է, իսկ մեքենաները փոխվում են, դա վեկտորն է․ ադենովիրուսի վրա դնում են այդ սպիտակուցն ու հասցնում իմուն համակարգին։ Սա է մեխանիզմը»։ Իսկ չինական պատվաստանյութը, համաճարակաբանի խոսքով, այլ բնույթի պատվաստանյութ է, ավելի ավանդական ձևով սարքած վակցինա է, վեկտորային չէ, պարունակում է կովիդի սպանված հարուցիչ՝ առանց հիվանդություն առաջացնելու ունակության։

Տեսանյութեր

Լրահոս