«Բավական է դիմանալ անանունության հետևում թաքնված վախկոտներին»․ ՈւԵՖԱ-ն՝ սոցցանցերի դեմ
ՈւԵՖԱ-ն միացել է սոցիալական լրատվամիջոցների բոյկոտին` ռասիզմի և խտրականության դեմ պայքարելու համար:
Բոյկոտը նախապես հայտարարել էին անգլիական ֆուտբոլային կազմակերպությունները:
Ապրիլի 30-ից մայիսի 3-ը միության սոցիալական ցանցերում նոր հաղորդագրություններ չեն հայտնվի:
Նախաձեռնությանն աջակցել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Շեֆերինը:
«Եղել են վիրավորանքի դեպքեր՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերում: Սա անընդունելի է և պետք է դադարեցվի՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ՝ խոշոր սոցիալական լրատվամիջոցների օգնությամբ: Վտանգավոր է թույլ տալ, որ ատելության մշակույթն անպատիժ աճի ոչ միայն՝ ֆուտբոլի, այլև՝ ամբողջ հասարակության համար:
Այդ պատճառով մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը: Ժամանակն է, որ ֆուտբոլը սրա դեմ դիրքորոշում ունենա, և ես տպավորված էի խաղացողների, ակումբների և այլոց կողմից ցուցաբերած համերաշխությամբ:
Ես խրախուսում եմ բոլորին՝ խաղացողներին, ակումբներին և ազգային ասոցիացիաներին, պաշտոնական բողոք ներկայացնել, երբ խաղացողները, մարզիչները, մրցավարները կամ պաշտոնատար անձինք անպատշաճ թվիթների կամ հաղորդագրությունների զոհ են դառնում:
Բավական է դիմանալ այդ վախկոտներին, ովքեր թաքնվում են իրենց անանունության ետևում, որպեսզի դուրս հանեն իրենց թունավոր գաղափարախոսությունը»,- ասել է Չեֆերինը։
Սիրարփի Աղաբաբյան