Փաշինյանը թիրախավորելու է մարդկանց, որոնք չունեն կրթական բարձր ցենզ. Իսկանդարյան
«Իմ քայլը» ունի լուրջ հնարավորություններ արտահերթ ընտրություններում հաղթելու հենց առաջին փուլում: «Հոդված» ակումբում հրավիրված քննարկմանը նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ լրացնելով, թե հնարավորություններ ունենալը դեռևս չի նշանակում, որ դրանք անպայման իրականություն կդառնան:
«Բայց նման հնարավորություններ կան, և դրանք բավականին լուրջ են, դրա համար էլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների, որպեսզի «ռեստարտ անի» բյուրոկրատական լեգիտիմությունը, քանի որ մեծ հարց է՝ կկարողանա՞ Փաշինյանը դա անել երեք տարի հետո»,- շարունակեց քաղաքագետը:
Սոցիոլոգիական հարցումների հետ կապված տեխնիկական և մեթոդոլոգիական առումով Իսկանդարյանը վերապահումներ ունի, ամեն դեպքում, դրանք հաշվի առնելով գտնում է, որ Փաշինյանը 30 տոկոս ձայն ունի, որը կարող է դառնալ 40 տոկոս, իսկ վարչական ռեսուրսի գործադրման դեպքում՝ 50+1:
Քաղաքագետի խոսքով, Փաշինյանը կենտրոնանալու է գյուղական համայնքների ուղղությամբ, բայց ոչ մարզերի խոշոր քաղաքների: Այսինքն, այն մարդկանց է թիրախավորելու, որոնք չունեն կրթական բարձր ցենզ: Իսկ նախընտրական հռետորաբանությունը լինելու է՝ ամեն ինչ պիտի անենք, որ հները չվերադառնան:
Ըստ Իսկանդարյանի՝ խորհրդարան անցնելու լուրջ հնարավորություններ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը՝ միանգամայն հնարավոր է՝ նրանք լինեն 2-րդ տեղում:
«Կրկնում եմ՝ ես սա ասում եմ այսօրվա դրությամբ՝ դեռ երկու ամիս կա, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց Իսկանդարյանը:
Իսկանդարյանը շարունակեց՝ Քոչարյանը փորձելու է առաջ տանել Արցախի շահերը, հետաքրքրությունները, այսինքն՝ աշխատելու է ավելի շատ ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի համար: Երկրորդ թեզը, որ առաջ է տանելու Քոչարյանը, սա է՝ ես կարող եմ:
«Այդ մարդիկ ոչ մի բան չեն կարող, կոմպետենտ չեն, իսկ ես կարող եմ, ես հաղթող եմ, ես կարող եմ ղեկավարել: Եվ երրորդ թեզով Քոչարյանը շեշտը դնելու է սոցիալական ոլորտի վրա, որ այդտեղ էլ ինչ-որ բաներ կարող են անել»,- լրացրեց քաղաքագետը:
Խոսելով ՀՀԿ-ի մասին, Իսկանդարյանն ասաց, որ նրանք աշխատելու են նույն ընտրազանգվածի համար, ինչ Քոչարյանը:
«Այսինքն՝ նրանք փորձելու են ավելի շուտ իրարից ձայներ տանել, քան ավելացնել»,- ընդգծեց քաղաքագետը՝ չբացառելով այլ տարբերակների ի հայտ գալն ընտրություններին նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում:
Արտահերթ ընտրություններում հիմնական մրցակից ուժերի շարքում Իսկանդարյանը չմոռացավ ԲՀԿ-ին և Ծառուկյանին, որը դարձյալ հանդես է գալու հետևյալ իմիջով՝ ես ձեզանից մեկն եմ, պարզապես հարուստ: