«ԲՀԿ-ն ունի իր օրակարգը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցել, հաղթել և նրան պետության ղեկավարի պաշտոնում առաջադրել». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցնում է, թե որևէ մեկը չի եղել, որ ԲՀԿ-ին մեղադրի 17 կուսակցությունների ձևաչափը տապալելու համար։

«ԲՀԿ-ն մինչև վերջին օրը մասնակից է եղել բոլոր հավաքներին և, անգամ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, մշտապես հայտարարել ենք, որ բողոքի ակցիաները և նախընտրական աշխատանքներին պատրաստվելը մեկը մյուսին չխանգարող բաներ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը,  թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, և, որ իշխող թիմի հետ նաև ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են մտնում հակասահմանադրական գործողությունների մեջ, հետևաբար՝ նրանք ևս պատասխանատու են հակասահմանադրական քայլեր կատարելու համար, Իվետա Տոնոյանն էլ   Առաջին նախագահին խորհուրդ  տվեց՝ ծանոթանալ այլ իրավաբանների և ոլորտի փորձագետների կարծիքներին։

«Այս հարցի հետ կապված չկա որոշակիություն, և կան երկակի կարծիքներ։ Մնացած բոլոր խոսակցությունները՝ ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին կամ այլ քաղաքական ուժերի ինչ-որ գործընթացների մեջ մեղադրելու հստակ միտում եմ տեսնում, կարծում եմ՝ այդ մարդիկ սպասարկում են միանգամայն այլ օրակարգեր։ Լավ կլիներ, որ ունենային բավարար անկեղծություն՝ ասելու, թե իրենք ինչ օրակարգեր են սպասարկում»,- հավելեց Իվետա Տոնոյանը։

Դիտարկմանը. Թե ԲՀԿ-ին էլ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, Իվետա Տոնոյանը հակադարձեց՝ ԲՀԿ-ն որևէ մեկի օրակարգը չի սպասարկում։

«ԲՀԿ-ն ունի իր օրակարգը, եթե հարյուրերորդ անգամ էլ պետք լինի, ես վերահաստատեմ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելն է, ընտրություններում հաղթելը և Գագիկ Ծառուկյանին պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելն է»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս