ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի»․ ո՞ր թիմը կլինի ավելի ուժեղ
«Մանչեսթեր Սիթին» երբեք չի պարտվել ՊՍԺ-ին, ավանդույթը կշարունակվի՞ այսօր։
ՊՍԺ-ն հայտնվեց Չեմպիոնների լիգայի շատ բարդ խմբում, որտեղ փարիզցիները մրցում էին «Լայպցիգի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Բասակշեհիրի» հետ: Ոչ առանց դժվարության Ֆրանսիայի չեմպիոնը փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց՝ երրորդ «Մանչեսթեր Յունայթեդից» ընդամենը չորս միավորով առաջ անցնելով: Փլեյ-օֆֆի առաջին մրցակիցը «Բարսելոնան» էր, որի հետ դիմակայության արդյունքն արդեն որոշված էր Իսպանիայում (4:1):
Պատասխան խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «կապտանռնագույնների» հետ ու տեղափոխվեց քառորդ եզրափակիչ: Փարիզցիների մրցակիցը «Բավարիան» էր, որը Մյունխենում կայացած խաղի ժամանակ կորցրել էր շատ առանցքային խաղացողների: Ինչպես «Բարսելոնայի» հետ դիմակայությունում, ՊՍԺ-ն լուծեց կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը և իր խաղադաշտում 3:2 հաշվով հաղթեց գործող գավաթակրին: Պատասխան խաղում 0:1 հաշվով կրած պարտությունը դուրս թողեց «Բավարիային», իսկ ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ հայտնվեց մրցաշարի կիսաեզրափակչում:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի առաջնությանը, ապա այնտեղ «կարմիր-կապույտների» գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Թիմը երկրորդ տեղում է և մեկ միավորով է հետ մնում առաջատար «Լիլից»:
Փարիզցիները նաև հնարավորություն ունեն նվաճել Ֆրանսիայի գավաթը՝ մայիսի սկզբին նրանք մրցաշարի կիսաեզրափակչում կխաղան «Մոնպելյեի» հետ:
Այսօրվա հանդիպումը բաց կթողնեն վնասվածք ստացած Ռաֆինյան և Խուան Բերնատը: Հարցականի տակ է նաև Կիլիան Մբապեի մասնակցությունը:
«Մանչեսթեր Սիթին», ի տարբերություն իր ներկայիս մրցակցի, Չեմպիոնների լիգայի խմբում խնդիրներ չի ունեցել։ Պեպ Գվարդիոլայի թիմը շատ ավելի ուժեղ գտնվեց, քան «Պորտուն», «Օլիմպիակոսը» և «Մարսելը»՝ վստահորեն հաղթելով խմբում: Մրցաշարի 1/8 եզրափակչում «քաղաքայինները» Մյոնխենգլադբախից «Բորուսիայի» հետ չնչին խնդիր անգամ չունեցան՝ ընդհանուր 4:0 հաշվով հաղթելով մրցակցին:
Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջին խաղում տանը բրիտանացիները 2:1 հաշվով հաղթեցին «իշամեղուներին»: Արտագնա խաղում «քաղաքայինները» նույնպես խաղացին հաղթելու համար և շահեցին այն նույն հաշվով՝ վստահորեն անցնելով մրցաշարի կիսաեզրափակիչ:
Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթին» ավելի քան վստահ է զգում՝ «քաղաքայինները» աղյուսակում առաջատար են՝ 10 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից»: Անցյալ շաբաթվա վերջում «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Լիգայի գավաթը․ եզրափակչում նրանց հաջողվեց 1:0 հաշվով հաղթել «Տոտենհեմին»:
ՊՍԺ-ն արդեն հետ է թողել մրցաշարի այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են «Բարսելոնան» ու «Բավարիան», բայց այսօր փարիզցիները ստիպված են դիմակայել շատ ավելի հզոր ուժի: Ի տարբերություն ֆրանսիական ակումբի նախորդ մրցակիցների՝ «Մանչեսթեր Սիթին» կադրային խնդիրներ չունի։ «Քաղաքայինները» գերազանց մարզավիճակ են ձեռք բերել և հաստատ խաղադրույք են կատարում մրցաշարում հաղթելու վրա:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
Սիրարփի Աղաբաբյան