Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն տարին:
Դեսպան Անաստասովն ասել է, որ առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:
Ընդգծելով, որ հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ակնկալում է դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այն իրացնելուն:
Դեսպան Անաստասովը նախագահ Սարգսյանին է հանձնել Բուլղարիայի նախագահի նամակը, որով Ռումեն Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պաշտոնական այց կատարելու՝ Հայաստանի նախագահին ուղղված հրավերը:
Հանրապետության նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ: