«Խորհուրդ ենք տալիս՝ այսուհետ պարոն Ծառուկյանի անունը տալուց՝ շատ զգուշավոր արտահայտվել»

168.am-ն այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ էր ուղղված երեկ Բրյուսելում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կոռուպցիայի մասին արված հայտարարությունը:

«Բոլորի համար էլ գաղտնիք չէ: Պարոն Ծառուկյանի հայտարարությունը, թե ինչի՞ համար է չգիտեմ ինչ արձագանքներ գտել… Իհարկե, ես համաձայն եմ իր արտահայտության հետ: Եվ իր արտահայտությունը ռեալ, այսօրվա մեր իրավիճակի արտացոլումն է, և ոչ մի զարմանալու բան չկա այդ հայտարարության մեջ»,- ասաց Վ. Բաբայանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք այդ հայտարարությունը հասցեագրված էր Հանրապետական կուսակցությանը, պատգամավորը պատասխանեց. «Շուտով կվերադառնա պարոն Ծառուկյանը, և տեղի կունենա հայտարարություն, որի հետևանքով դուք ինքներդ ձեր հետևությունները կանեք»:

Իսկ դիտարկմանը, թե ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում այդ հայտարարությունը որակեց ամոթալի, Վ. Բաբայանը նշեց, թե իրենք արդեն անդրադարձել են դրան: «Մենք արդեն պատասխանել ենք պարոն Շարմազանովի հայտարարությանը և խորհուրդ ենք տվել նմանատիպ վիրավորական և անտեղի հայտարարություններ չանել, որովհետև իրականում հարիր չէ քաղաքական գործչին՝ նման հայտարարություններ անել այն կուսակցության մասին, որը երկրորդն է իր ուժով, և այսօր 500.000-ից ավելի մարդ կանգնած է մեր կողքին, և պարոն Ծառուկյանի նման անձնավորությանը, որը մեծ բարերար է և մեծ աջակցություն է ցուցաբերել մեր ժողովրդին, և ցեխ շպրտել այն պատվիրակության վրա, որն այսօր ներկայացնում է Հայաստանը: Դա անթույլատրելի է»:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ այլևս ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև սեպ խրվեց, Վ. Բաբայանը պատասխանեց. «Ես կրկնում եմ. ինչ եղավ՝ բոլորդ տեսնում եք, և բոլոր  հայտարարություններին համարժեք հայտարարություններ ենք արել, և խորհուրդ ենք տալիս՝  այսուհետ պարոն Ծառուկյանի անունը տալուց՝ շատ զգուշավոր արտահայտվել, մանավանդ՝ այս շրջանում»:

Վ. Բաբայանը հավելեց, որ իր խորհուրդը վերաբերում է բոլորին:

Տեսանյութեր

Լրահոս