Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից. Արմեն Սարգսյանը նամակներ է հղել ԵԽ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին
Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Ընդգծելով, որ 2020 թվականը Հայաստանի համար դժվար տարի էր ոչ միայն կովիդի, այլև շատ ավելի ծանր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի պատճառով՝ նախագահ Սարգսյանը նշել է.
«Չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զանգվածաբար և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Այս ամենը հանգեցրեց հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի, հազարավորների հաշմանդամության, բնակչության տեղահանման ու հայկական պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման ու ավերման:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նրանք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»:
Ընդգծելով, որ այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում՝ Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից: