«Ռոսկոսմոս»-ի ղեկավարն առաջարկել է ընդլայնել ՌԴ-ՀՀ փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում
Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ:
Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ։
«Քարտուղար Գրիգորյանը ընդգծե, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում և այս առումով կարևորեց հայ-ռուսական համագործակցությունը, շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը:
Խոսելով Հայաստանում տիեզերական գործունեության զարգացման հեռանկարների և այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին քարտուղար Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Դմիտրի Ռոգոզինը իր կողմից բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով: Նա առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերելն ստեղծելու աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին Դմիտրի Ռոգոզինը հրավիրել է հայկական կողմին սույն տարվա հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում (Global Space Exploration Conference — GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Ռոգոզինն ընդգծել է, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: