Աշխարհաքաղաքական տեսանկյունից իրավիճակը ՀՀ-ում շատ ավելի բարդ է, քան ԱլԳ այլ երկրում, սակայն Եվրոպան ընդառաջ կգնա Հայաստանին. Լիտվայի ԱԳ նախարար
«Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ավելին կարող է արվել»,- այս մասին այսօր ՀՀ կատարած այցի ընթացքում ասաց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Նա նշեց, որ իրապես Լիտվան հանդիսացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեծ աջակիցներից մեկը:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ համաձայնագիրը ողջ ծավալով ուժի մեջ է մտել, որը հստակ հարթակ է ստեղծում հետագա համագործակցության համար, սակայն վստահ եմ, որ ավելին կարող է արվել, և Եվրոպան կարող է ավելի խորապես ներագրավված լինել Հայաստանին աջակցությունների գործում, մասնավորապես հիմա՝ այս ծանր պահին: Մենք կոնկրետ միջոցներ ենք քննարկել, կշարունակենք դրանք քննարկել նաև ապագայում: Ես գիտեմ, որ իրավիճակը Հայաստանում շատ ավելի բարդ է, քան ԱլԳ այլ կամ Ասոցացված այլ երկրներում աշխարհաքաղաքական տեսանկյունից, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան ընդառաջ չի գնա Հայաստանին: Պատճառներից մեկը նաև, որ Լիտվան այստեղ է՝ ոչ միայն ազգային մակարդակով, այլև՝ որպես եվրոպական երկիր, հենց դա է»,- ասաց լիտվացի նախարարը: