«Արարատն արդեն Գորիսում է. կարող եմ ասել, որ դա ավելի շուտ ռեպրեսիայի ենթարկել էր». Շուռնուխի գյուղապետ
Շուռնուխեցի Արարատն արդեն Գորիսում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Արարատն արդեն Գորիսում է, տանը։ Եթե Արարատը մասնակցած լիներ ինչ-որ ակցիայի, այլ կերպ կարտահայտվեի։ Նա վատառողջ էր, շուրջ 10 օր պառկած է եղել տանը։ Տեսանյութերում իր հյուծվածությունը նկատելի էր, շուրջ 10 օր նորմալ չի սնվել։ Մարդուն անհիմն տեղը փաստորեն կարող են բերման ենթարկել, այն էլ այդ ձևով։ Կարող եմ ասել, որ դա ավելի շուտ ռեպրեսիայի ենթարկել էր»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Միաժամանակ Հակոբ Արշակյանը շեշտեց, որ սյունեցիների բողոքներն արդարացի էին, ի վերջո, մարդիկ տուն են կորցրել, հող են կորցրել, խաղաղություն ու հանգստություն։
«Այն մարդիկ, ովքեր ասում են՝ այդ բողոքողների աչքերը պետք է հանել, ավելի բիրտ բերման ենթարկեն, սատկացնեն և այլն, կխնդրեի, որ այդ մարդիկ գային Շուռնուխ ու մեկ ամբողջ օր անցկացնեին գյուղացիների հետ։ Գային ու կիսեին այս մարդկանց առօրյան, ապրելակերպը։ Նման ամպագոռգոռ հայտարարություններ անողները թող գան ու կտեսնեք, թե քանի օր կապրեն այստեղ։ Ճիշտ է, գուցե սյունեցիները կոպիտ են արտահայտվել, բայց ամեն մեկը յուրովի է արտահայտվում»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
Նա ընդգծեց, որ այս ընթացքում իրավապահների հետ որևէ խնդիր դեռևս չի ունեցել՝ գյուղ չեն եկել, իրեն չեն անհանգստացրել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից և մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի խորհրդակցությունից հետո, երբ վերջինս հրահանգեց հրապարակավ պատասխանատվության ենթարկել իր դեմ բողոքի ակցիա իրականացնողներին, իրավապահ համակարգը սկսեց բերման ենթարկել ու ձերբակալել համայնքների ղեկավարներին, նրանց տեղակալներին, պատերազմին մասնակցած քաղաքացիներին։ Շուռնուխի գյուղապետի եղբայրն այդ անձանցից մեկն էր, ում բերման էին ենթարկել՝ հաշվի չառնելով, որ թոքաբորբով հիվանդ է, ավելին՝ Քննչական կոմիտեում նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառեցին՝ քննիչի սենյակ տանելու համար։