Բաժիններ՝

Ուրուգվայի գործադիր իշխանության անունից ուղերձ է հղվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գործադիր իշխանության անունից ուղերձ է հղվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում, որն ընթերցում է Կրթության և մշակույթի նախարար Պաբլո դա Սիլվեիրան, նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից փրկվածները, որոնք հանգրվան գտան Ուրուգվայում, նրանց ժառանգները տարիների ընթացքում դարձան երկրի կարևոր հենասյուներից մեկը:

«Այս ապրիլի 24-ին հիշատակվում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, որը մեկնարկեց 1915թ. այդ օրը և տևեց մի քանի տարի։ Այդ ժամանակահատվածում զոհվեցին 1.5 միլիոնից ավել հայեր՝ մի մասը ենթարկվելով ջարդերի, մյուսները՝ հոգնատանջությունից և սովից՝ պարտադրված տեղահանումների արդյունքում։ Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն, ցավոք, չէր լինելու վերջինը։

Հավատարիմ լինելով ժողովրդավարական և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի իր ավանդույթներին՝ մեր երկիրն ունի հայկական հարցին աջակցելու երկար պատմություն։ Դերևս 1920թ. Ուրուգվայը մեկն էր այն ութ երկրներից, որոնք աջակցեցին այն ժամանակ դեռ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության թեկնածությանը, որպեսզի վերջինս անդամակցեր Ազգերի լիգային, որը մերօրյա Միավորված ազգերի կազմակերպությանը նախորդող կառույցն էր։

Բացի դրանից, ունենք առավելություն՝ լինել աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչել է 1915թ. ողբերգությունը։ Երբ լրանում էր այդ դեպքերի 50-րդ տարելիցը, Ուրուգվայի խորհրդարանն ընդունեց օրենք, որն ապրիլի 24-ը հռչակեց «Հայ նահատակների հիշատակման օր»: Ի թիվս այլոց, նախագիծը ստորագրեցին խորհրդարանականներ Ուգո Բատայան, Ակիլես Լանսան, Սելմար Միկելինին և Ալբերտո Ռոսելլին։ Այդ օրենքն ընդունվեց 1965թ. ապրիլի 20-ին և երկու օր անց այն ստորագրվեց պարոն Վաշինգտոն Բելտրանի կողմից, ով այն ժամանակ կառավարության ազգային խորհրդի նախագահն էր։ Բելտրանի ստորագրության կողքին երևում են, ի թիվս այլոց, Խուամպի Բելդեվոտոյի, Ֆրանսիսկո Ռոդրիգես Կամուսսոյի, Վիլսոն Ֆեռեիրա Ալդունատեի ստորագրությունները։ Նրանք բոլորն այն ժամանակվա կառավարության նախարարներ էին։

1970-1972թթ. ուրուգվայական դիվանագիտությունն ակտիվ դեր խաղաց հօգուտ Հայաստանի անկախության։ Այդ աջակցությունը վերականգնվեց ժողովրդավարության վերադարձին պես, Ներկայացուցիչների պալատի հայտարարությամբ, որը տեղի ունեցավ 1985թ. ապրիլին։

2002թ. Հայաստանի նախագահը պաշտոնական այցով եկավ Ուրուգվայ, և նրան ընդունեց նախագահ Խորխե Բասսին։ 2014թ. Հայաստանի հաջորդ նախագահն այցելեց պաշտոնական այցով, և նրան ընդունեց նախագահ Խոսե Մուխիկան։

2015թ. նշվեց Ցեղասպանության հարյուրամյակը օրենսդիր պալատի «Կորսված քայլեր» սրահում։ Այնտեղ ներկա էին, ի նշան պատմական շարունակականության, նախագահ Տաբարե Վասկեսը և նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակայեն, Խորխե Վայեն և Խոսե Մուխիկան։

Վերջապես, անցյալ ապրիլի 24-ին նախագահ Լուիս Լակայե Պոուն և փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, իրենց պաշտոնները ստանձնելուց մի քանի շաբաթ անց, հանդես եկան հայտարարություններով՝ հիշատակելով Ցեղասպանությունը։

Հայոց հարցի պաշտպանությունը համահունչ դիրքորոշում է այն մոտեցումների հետ, որ մեր երկիրը մշտապես դրսևորել է միջազգային հարթությունում՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովուրդների ազգային ինքնորոշում։ Սակայն դա նաև մի հարց է, որին վերաբերում ենք որպես սեփական խնդիր, որովհետև այդ դեպքերի հետևանքով Ուրուգվայը հյուրընկալեց հայ գաղթականների մեծ ալիքի, որը դարձավ մեր համակեցության անքակտելի մասնիկը։ Այն հազարավոր հայերը, որոնք եկան այստեղ՝ փնտրելով խաղաղություն, ազատություն և հնարավորություններ, օգնեցին կառուցել ավելի դինամիկ և ավելի բազմազան հասարակություն։ Նրանց ժառանգները, որոնք բազմաթիվ են, դարձել են այդ ընդհանուր տան՝ Ուրուգվայի հենասյուներից մեկը։ Դա մի տուն է, որը պատկանում է բոլոր նրանց, ովքեր այստեղ են ծնվել, և բոլոր նրանց, ովքեր հասնում են այստեղ՝ փնտրելով նոր հորիզոններ։

Այս յուրահատուկ ամսաթվին ազգային կառավարության անունից, ի սրտե փոխանցում ենք մեր ողջույնները հայ համայնքին»,- ասված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս