Քննիչը ժամը 15:00 Զաքարյանին մեղադրանք է առաջադրելու, որ կալանավորման միջնորդություն ներկայացնի դատարան. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Շատ-շատ կանխատեսելի են մեր Չիրավապահները։

Քննիչ-դատարան-«տուժող»-«տուժողի ներկայացուցիչներ» (Վարդապետյան, Ջհանգարյան և այլոք) կապն անխափան աշխատում է։

Դեռ գիշերն էի գրել հետևյալը. «Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առանձնահատուկ և տարբերակված (վատ) մոտեցումն արդեն ուրվագծվում է։

Գործընկերոջս կողմից դատարան բողոք է ներկայացվել ձերբակալման իրավաչափության դեմ, որն անհապաղ քննության ենթակա բողոք է, սակայն դատավոր Մանվել Շահվերդյանի աշխատակազմից հայտնեցին, որ այն քննվելու է վաղը՝ ժամը 18:30-ին։

Հարց- ինչու՞ է դատավորն այդքան ուշ նշանակել նիստը, ինչու՞ են քննիչն ու դատավորը այլ գործերով «խիստ» ծանրաբեռնված։
Պատասխանն ակնհայտ էր՝ քննչականը գիտի, որ «տուժող» Փաշինյանի անհագ ցանկությունը և անօրինական ցուցումը կատարելով ակնհայտ անհիմն և անօրինական կերպով են ձերբակալել Մխիթար Զաքարյանին։

Հենց դատարանը քննի բողոքը, ստիպված ազատ է արձակելու ձերբակալումից։ Դրա համար էլ ժամանակ են ձգում, որ մեղադրանքի հիմքեր ստեղծեն ու միաժամանակ կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։

Իսկ այդ ընթացքում Ջհանգիրյանն ու Վարդապետյանը խիստ օրինական «կոնսուլտացիա» կանեն դատավորի հետ, որ կալանքը բավարարի։

Հուսով եմ, որ դատավորը տեղի չի տա «հանցավոր» կոնսուլտանտների ցանկություններին և օրինական որոշում կկայացնի։
Սակայն արդեն անհանանգստացնող է, որ դատավորն ընդառաջում է քննիչին և անհանաղ չի քննում բողոքն այն պատճառաբանությամբ, թե իբրև քննիչը ծանրաբեռնված է։

Զուտ հիշեցման համար՝ մի ամբողջ քննչական կոմիտե լծել եք այս գործին և հսկայական քննչական խմբից մեկը կարող է ներկայանալ»։

Եվ ինչ եք կարծում՝ խիստ ծանրաբեռնված քննիչն առավոտյան հայտնեց, որ ժամը 15:00 Զաքարյանին մեղադրանք է առաջադրելու, որ կալանավորման միջնորդություն ներկայացնի դատարան։

Այն հաշվարկով, որ ժամը 18:30 միջնորդությունը դատարանում լինի։

Դե էսքանից հետո ձեզ ճղեք, որ քաղաքական ոչինչ չկա, զուտ՝ իրավական գործընթացներ»։

Տեսանյութեր

Լրահոս