«Որևէ տեղեկություն չունեմ, գիտեմ, որ հիվանդանոցում է». Շուռնուխի գյուղապետը՝ եղբոր մասին
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ ապօրինի բերման ենթարկված եղբորից՝ Արարատից, որևէ տեղեկություն չունի, միայն լրատվամիջոցներից իմացել է, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։
«Որևէ տեղեկություն չունեմ, գիտեմ, որ հիվանդանոցում է։ Ընտանիքի անդամներն էլ կապ չեն հաստատել հետը, ինչպե՞ս հաստատեն, ընտանիքի մի անդամ էլ ես եմ, ո՞ւմ հետ կապ հաստատենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից և մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի խորհրդակցությունից հետո, երբ վերջինս հրահանգեց հրապարակավ պատասխանատվության ենթարկել իր դեմ բողոքի ակցիա իրականացնողներին, իրավապահ համակարգը սկսեց բերման ենթարկել ու ձերբակալել համայնքների ղեկավարներին, նրանց տեղակալներին, պատերազմին մասնակցած քաղաքացիներին։ Շուռնուխի գյուղապետի եղբայրն այդ անձանցից մեկն էր, ում բերման էին ենթարկել՝ հաշվի չառնելով, որ թոքաբորբով հիվանդ է, ավելին՝ Քննչական կոմիտեում նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառեցին՝ քննիչի սենյակ տանելու համար։
«Եղբայրս ունի երկու անչափահաս երեխա, գյուղում իր տունը վառելուց հետո, որպեսզի չմնար թշնամուն, տեղափոխվել է Գորիս, ապրում է մեր հայրական տանը»,- հավելեց Հակոբ Արշակյանը։
Ինչ վերաբերում է իրեն հնարավոր բերման ենթարկելուն, Հակոբ Արշակյանը կատակեց՝ առայժմ ամեն ինչ լուռ է։
«Երեկվանից կապ չկա, ոչ մի տեղից ձայն չկա»,- նշեց Հակոբ Արշակյանը։