Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանը։

«Միանշանակ պետք է ամրապնդել հայ–ռուսական քաղաքական, տնտեսական ու ռազմավարական փոխգործակցությունը։ Ռուս եւ հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի է համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է բարգավաճեն համատեղ»,– ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում հակառուսական տրամադրություններ կան, որոնք անթույլատրելի են։

«Այն մարդիկ, որոնք Հայաստանում զբաղվում են հակառուսական գործունեությամբ, նրանք միեւնույն ժամանակ զբաղվում են հակահայկական գործունեությամբ, նրանք մեր երկրի թշնամիներն են, քանի որ խոչընդոտելով հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, խանգարում են մեր երկրի զարգացմանը»,– հավելել է Ծառուկյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը եւ ներքաղաքական օրակարգին առնչվող կարեւորագույն այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս