Նիկոլ Փաշինյանի ծրագիրը․ անիշխանություն

Երեք տարին բավարար ժամանակ չեղավ Նիկոլ Փաշինյանի համար՝ ադապտացվելու իշխանությանը և հանդես գալու՝ որպես պետության ղեկավար։ Նա վարչապետ է աշխատում միայն ձևով, բայց ոչ՝ բովանդակությամբ։ Նա վարչապետ է՝ աշխատասենյակով ու անձնակազմով, զրահապատ բաճկոնով ու տասնյակ թիկնապահներով, ամառանոցով ու ինքնաթիռով։ Բովանդակությամբ, սակայն, նա կիլոմետրերով հեռու է երկրի ղեկավարի կարգավիճակից, ինչն ապացուցում է ամեն օր՝ յուրաքանչյուր անհամարժեք հայտարարությամբ ու քայլով, հայհոյախոսությամբ ու այսրոպեականությամբ։

Նա ունի բոլոր հատկանիշները, որոնք դասագրքային հակացուցումներ են պետության ղեկավարի համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանության, իշխանության ինստիտուտի հետ անում է այն, ինչ չէր կարողանա իրականացնել անգամ ամենաթշնամական երկրի ամենագաղտնի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկում ու արժեզրկում է իշխանությունն անկարելիության աստիճանի։ Պետության ղեկավարի վարկը երբեք այսքան ցածր չի եղել, որքան այսօր։

Նրան հայհոյում են ամենուր՝ սոցիալական ցանցերում ու մամուլում, փողոցում ու խոհանոցներում… Այդ հայհոյանքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանն ինքը՝ տարիներ շարունակ հայհոյախոսությունը՝ սկզբում ընդդիմադիր գործունեության, ապա արդեն՝ որպես երկրի ղեկավարի խոսույթ դարձնելու իր գործելաոճով։ Նա այդ գռեհիկ լեքսիկոնը, լեզուն՝ ստի ու մանիպուլյացիաների հետ, բերեց քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանն իրականում ատում է իշխանությունը, իշխանության ինստիտուտը։ Որևէ այլ բացատրություն չի կարող լինել այն հարցին, թե ինչո՞ւ է նա այդքան հետևողականորեն ու մեթոդաբար հեղինակազրկում ու պատվազրկում իշխանությունը։ Գուցե դրա պատճառները նեղ անձնական են, հոգեբանական ու աշխարհայացքային․նա երիտասարդ տարիքում կայացել է իշխանության դեմ կույր պայքարով, և հնարավոր է՝ դեռ պատանեկությունից ատելությունն իշխանության հանդեպ նրա մեջ բույն է դրել այնքան ու այնպես, որ որոշել է կյանքը նվիրել իշխանության վարկաբեկմանը։ Դա նրա մոտ ստացվում է կատարելապես։ Նա իր տեսակով որևէ բան կառուցող, ստեղծող չէ:

Իշխանության հանդեպ Նիկոլ Փաշինյանի քրոնիկ ատելությունը նրա մոտ նույնպիսի վերաբերմունք է ձևավորում նաև պետության նկատմամբ, քանի որ իշխանությունը պետության օբյեկտիվ ու հիմնական հատկանիշներից մեկն է։ Նա ատում է նաև պետությունը՝ որպես ինստիտուցիա, և  ինչպես կյանքն է ցույց տալիս, ամեն ինչ անում է այն վերջնականապես կազմաքանդելու համար։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության ու պետության դեմ իր պայքարն իրականացնում է ամենաստոր ձևով․ նա օգտվում է իշխանության ու պետության բարիքներից՝ այդ ինստիտուտները հեղինակազրկելու ու կազմաքանդելու գործում։

Իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանի վերջնական նպատակն իրականում անիշխանությունն է, որը կառաջանա կա՛մ պետության վերջնական կորստի, կա՛մ այլ պետության իշխանության հաստատման դեպքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս