Բաժիններ՝

Երկնքում կդիտվի լիրիդների ասուպային հոսք

Ապրիլի 22-23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը։ Այս մասին հայտնեցին Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

«Ասուպային հոսքն այսպես է կոչվում «Քնար» (Lyra) համաստեղության անունով։ Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թեթչերի գիսավորն է, որը հայտնաբերվել է 1861թ-ի ապրիլին սիրող աստղագետ Ա․ Թեթչերի կողմից։ Ի տարբերություն Պերսեիդների ասուպային հոսքի՝ Լիրիդների ասուպային հոսքն այդքան էլ առատ չէ։ Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով միջինում 48կմ/վ արագությամբ։ Լիրիդների միայն քառորդ մասն է երկնքում թողնում հետքեր։

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:

Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս