Եվրախորհրդարանի ղեկավարը նստաշրջանները շուտով Ստրասբուրգում վերսկսվելու հույս է հայտնել
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Դավիթ Սասոլին հուսով է, որ ԵԽ-ն կկարողանա մոտ ժամանակներս կրկին լիագումար նստաշրջաններ անցկացնել Ստրասբուրգում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարվա դադարից հետո: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 21-ին՝ տեսակապով հանդես գալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
«Ես ուրախ կլինեմ այժմ ֆիզիկապես ներկա լինելու Ստրասբուրգում ձեր նիստում: Կարծում եմ եւ հուսով եմ, որ մոտ ժամանակներս Եվրախորհրդարանը կվերադառնա, սովորական աշխատանքի ձեռնամուխ կլինի Ստրասբուրգում»,- ասել է նա:
Եվրախորհրդարանի նստաշրջանները սովորաբար անցկացվում են թե՛ Բրյուսելում եւ թե՛ Ստրասբուրգում: Սակայն ահա արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ԵԽ-ն լիովին «տեղափոխվել է» Բրյուսել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչի առնչությամբ Ֆրանսիայի իշխանությունները մեկ անգամ չէ, որ դժգոհություն են հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը։