«Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ իրենց առաջնահերթ խնդիրն է երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Նա նաև տեղեկացրեց, որ  արդեն հրապարակվել է ՄԻՊ տարեկան զեկույցը:

«Զեկույցը համարում եմ օբյեկտիվ, քանի որ, ինչպես դրական քայլերն են արձանագրված, այնպես էլ՝ բացասական: Ես չեմ շարժվում այն մտայնությամբ, թե ով ծանր կտանի: Սկզբունքային մոտեցում է, ներկայացվել են բոլոր գնահատականները, առաջարկները։ Անհանդուրժողականության մակարդակը շատ մտահոգիչ է, վտանգավոր չափերի է հասնում, չկա վստահություն պոլիկլինիկաների նկատմամբ, քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան, և այլն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, Արման Թաթոյանը շեշտեց՝ Ադրբեջանի նպատակներից է նաև՝ օգտագործելով հայերի գերի լինելու փաստը, լարված պահել Հայաստանում մթնոլորտը:

«Լրատվամիջոցների հրապարակումներ կային, որ նրանք տարածքային հարցերի դիմաց են ուզում վերադարձի հարց քննարկել, դրանք պատերազմական հանցագործության հասնող արարքներ են: Ռազմական գործողությունների դադարումից հետո անմիջապես պետք է վերադարձնեինք մեր հայրենակիցներին՝ առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները, թե՝ միջազգային կառույցները չեն արձագանքելու, դա նշանակում է՝ խրախուսում են դա, և վտանգավոր նախադեպ է ստեղծվում»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս