ՀՀԿ-ն «թռնում է ճշտից»

Նախագահական ընտրություններից առաջ հիմնական ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը և այն, թե արդյո՞ք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կառաջադրի թեկնածություն, թե՞ ոչ: Այսինքն` մեծ հավանականությամբ, նախագահական ընտրություններում մրցավազքը կարող է տեղի ունենալ այս երկու քաղաքական ուժերի միջև:

Եթե դա տեղի ունենա, ապա հասարակությունը մեծ հաշվով զրկվելու է ընտրության հնարավորությունից, քանի որ երկու ուժերի հաղթանակի դեպքում էլ հաղթելու է գրեթե նույն մտածողությունը, նույն արժեքային համակարգը:

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընդհանրությունները շատ ավելին են, քան նրանց տարբերությունները, դրանում կարելի է համոզվել՝ հետևելով այս կամ այն հարցի վերաբերյալ երկու ուժերի ներկայացուցիչների կարծիքներին, դիրքորոշումներին: Օրինակ` և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում կան տասնյակ-հարյուրավոր գործարարներ, փողատերեր, որոնք մեծ հաշվով հանդիսանում են այս ուժերի հիմնական բազան: Կա՞ արդյոք տարբերություն նրանց միջև: Արդյո՞ք ԲՀԿ-ական գործարարներն ավելի օրինապահ են, քան ՀՀԿ-ականները: Իհա՛րկե ոչ:

Երկու ուժերում էլ հավաքված են մարդիկ, ովքեր այդտեղ են հայտնվել ոչ թե այս կամ այն գաղափարին նվիրվածության պատճառով, այլ՝ որովհետև իշխանության մեջ լինելով բիզնեսով զբաղվելը մի քանի անգամ ավելի եկամտաբեր է, քան՝ առանց իշխանության հովանավորության:

Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար պատգամավոր Լյովա Խաչատրյանը նույնիսկ չի հերքում, որ իրենց շարքերում կան արտոնյալ գործարարներ: «Ջրի բերած՝ ջրի տարած»,- այսպես է արձագանքել ԲՀԿ-ական պատգամավորն «Առավոտի» այն դիտարկմանը, թե շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ առաջիկայում հարկային մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվելու ԲՀԿ-ական գործարարները: «Ջրի բերած՝ ջրի տարած» ասելով՝ նա, թերևս, նկատի ունի այն, որ այսքան ժամանակ գործել են առանց հարկայինի հետ խնդիրներ ունենալու, այսինքն` թաքցրել են հարկերը (ջրի բերած եկամուտներ են ստացել), հիմա խնդիրներ ունենալու դեպքում՝ նույն հեշտությամբ կկորցնեն:

«Չեմ կարծում, որ նման բան լինի, և դա ճանապարհ չի՝ մարդկանց իրենց համոզմունքներից ետ կանչելու համար: Կարծում եմ՝ այսօրվա իշխանություններն իրենց նման բան թույլ չեն տա, եթե, իհարկե, ինչ-որ գործընթացներ սկսեն: Առայժմ որևէ կոնկրետ բան չկա, ես չեմ կարող ասել»,- ասում է Լյովա Խաչատրյանը: Նա համառորեն չի հերքում, որ ԲՀԿ-ականներն արտոնյալ բիզնեսմեններ չեն, չի հայտարարում, որ իրենք աշխատում են օրենքի տառին ու ոգուն համապատասխան և մտավախություն չունեն որևէ հարկայինից: Նա ընդամենը հույս է հայտնում, որ «իշխանություններն իրենց նման բան թույլ չեն տա», այսինքն` հույս է հայտնում, որ իշխանությունները չեն դիմի օրենքին:

Իսկ հարցին` նման զարգացումների դեպքում իր կուսակիցներից ովքե՞ր կարող են խնդիրներ ունենալ, ո՞վ մտավախությունների տեղիք ունի, Լյովա Խաչատրյանը պատասխանել է. «Ես նման բան չգիտեմ, դա իրավապահների գործն է: Ամեն մեկն իր գործից թող տեղյակ լինի: Եվ դա վատ է, եթե նման բան կա, գիտեն և ներում են աjն ժամանակ, երբ ընդհանուր նախրի հետ ես գնում, հիշում են այն ժամանակ, երբ նախրից առաջ ես ընկնում: Դա շատ վատ բան է:

Իրավական պետության մեջ նման բան հնարավոր չէ: Եթե մեզ մոտ նման բան հնարավոր է, նշանակում է՝ մենք իրավական պետություն չենք, գողականով և ճշտով ենք առաջնորդվում»: Լյովա Խաչատրյանն ավելի քան անկեղծ է: Նա ասում է, որ մենք ժամանակին «նախրի մեջ ենք եղել», այսինքն` իշխանության հետ նույն թիմում ենք եղել և օգտվել ենք իշխանության բոլոր արտոնություններից, հիմա «նախրից առաջ ենք ընկնում», այսինքն`իշխանության հետ չենք, ու ազնիվ չի լինի, եթե հիմա հիշեն ու «չներեն»:

Խնդիրը տվյալ դեպքում Լյովա Խաչատրյանի անձը չէ: Հակառակը, նա շատերից միշտ տարբերվել է սեփական կարծիք հայտնելու ունակությամբ, «կոճակ սեղմող» պատգամավորներից չէ: Բայց նա արտահայտում է այն շերտի, այն խավի հավաքական մոտեցումը, որն այսօր առկա է ԲՀԿ-ում: Գործարարները շատ տեղեկացված են, նրանք լավ գիտեն, թե ով որքանով է օրենքը խախտում, ինչ արտոնություններ ունի և որքանով է «ներվում»:

ԲՀԿ-ական գործարարները հրաշալի գիտեն, որ ՀՀԿ-ական իրենց «գործընկերներն» իրենցից ավելի շատ արտոնություններ ունեն, ավելի մեծ չափով հարկեր չեն վճարում, քան իրենք, և պահանջում են, որ անարդարության հարցում արդարացի մոտեցում ցուցաբերվի: Ու նրանք միանգամայն իրավացի են: Գողականով ու ճշտով: Բայց, ինչպես Հովիկ Աբրահամյանն է ասել, ճիշտը հիվանդանում է, բայց չի մեռնում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս