Գործող քաղաքային իշխանությունները նստած դակիչներ ունեն, որոնք ցանկացած նախագիծ դակում ու ընդունում են. Թեհմինա Վարդանյան

Տևական ժամանակ է՝ ասում ենք, որ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը հաստիք ավելացնելու անհրաժեշտություն ունի, քանի որ ահռելի քանակով չարված աշխատանք կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նշենք, որ ավագանու հերթական նիստի օրակարգում է նաև քաղաքաշինության վարչության հաստիքները 12-ով ավելացնելու հարցը։

Թեհմինա Վարդանյանը նկատում է՝ վերջին շրջանում քաղաքացիների դիմումները շատ են և չնայած դրանց պատասխանները պետք է 2-3 աշխատանքային շաբաթվա ընթացքում տրվեն, բայց ամիսներ են տեւում, ինչը խնդիր է. «Քանի որ այդ ոլորտը համակարգողները պնդում են, որ ժամանակի սղության խնդիր կա, աշխատանքները շատ են և ֆիզիկապես չեն հասցնում, ապա միանշանակ հաստիքներն ավելացնելու անհրաժեշտություն կա։ Թե դրանից հետո աշխատանքներն ինչպես կհամակարգվեն, բնակիչները գոհ կլինեն, ժամանակին կստանան իրենց պատասխանները, առաջիկայում կտեսնենք։ Այսինքն` արդեն կհասկանանք՝ իրականում խնդիրն այդտեղ էր, թե ոչ»,-ասաց ավագանու անդամը։

Թեհմինա Վարդանյանն ընդգծում է՝ վերջին 2-3 տարվա ընթացքում հարյուրներով ավելացված հաստիքներն այնքան էական չէին, որքան քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում դրանց ավելացումը։ Նրա խոսքով, երբ գործող քաղաքային իշխանությունները ստանձնեցին կառավարման ղեկը, հաստիկացուցակը 1998 էր, ներկայումս այն 2200-ի սահմաններում է։

Հարցին՝ արդյոք 12 հաստիքը կբավականացնի՞ նման ծավալով աշխատանքները հասցնելու համար, ավագանու անդամն ասաց, որ եթե հաշվարկել են և այդ թիվը ստացել, նշանակում է՝ այդքան է անհրաժեշտ. «Իհարկե այնպես չէ, որ գործող իշխանությունների հաշվարկներին առանձնապես վստահում եմ, բայց կարծում եմ՝ գոնե դա պետք է օբյեկտիվ լինի։ Բացի այդ 12 հաստիքն արդեն բավականին լուրջ թիվ է աշխատանքները համակարգելու և քաղաքացիներին բավարարելու համար։ Այս հաստիքներն ավելացնելուց հետ որևէ մեկը թող չփորձի սլաքներն ուղղել աշխատողների քանակի ու չհասցնելու վրա»,-նշեց Թեհմինա Վարդանյանը։

Վերջինս հույս հայտնեց, որ քաղաքապետարանի գոնե այս ճյուղը ոտքի կկանգնի և ավելի նպատակային աշխատանքներ կիրականացնի։ Ավագանու անդամը վստահեցրեց, որ իրենց խմբակցությունն հետևողական կլինի. «Չգիտեմ՝ ինչ է տալիս մեր հետևողականությունը, բայց գոնե կարողանում ենք հանրությանն իրազեկել և տեղյակ պահել։ Չնայած գործող քաղաքային իշխանությունները նստած դակիչներ ունեն, որոնք ցանկացած նախագիծ դակում ու ընդունում են։ Եթե մենք էլ մեր բողոքը չբարձրաձայնենք, երևի քաղաքացիները չեն էլ իմանա, թե ինչեր են կատարվում քաղաքապետարանի դռներից այն կողմ»,-եզրափակեց Թեհմինա Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս