7.5 միլիարդ դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի պահուստաֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 7,548,000.0 հազար դրամ, որի նպատակը լինելու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի՝ ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելը։
«Մասնավորապես, Կառավարության որոշման համաձայն՝ 2021 թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր արցախցու տրամադրվում է 68.000 դրամ աջակցություն, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց։ Մինչ այժմ Արցախին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ այս աջակցության ծրագրով նախորդ ամիս 101.000-ից ավելի Արցախի քաղաքացի ստացել է աջակցություն։
Առաքելյանի խոսքով՝ փաստաթղթերում խնդիրներ լինելու պատճառով քաղաքացիների փոքր խումբ դուրս է մնացել այդ ծրագրից․
«Առաջիկայում կարգավորում կանենք, որ այդ մի քանի 100 քաղաքացիները, ովքեր աջակցության ծրագրից դուրս են մնացել, նույնպես դառնան ծրագրի շահառու»։
Մանրամասները՝ տեսանյութում