Բաժիններ՝

Սենատը Ուենդի Շերմանին հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում

ԱՄՆ-ի սենատորները հաստատել են Ուենդի Շերմանի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Քվեարկության ժամանակ Շերմանին պաշտպանել է 56 սենատոր (բոլոր դեմոկրատ սենատորները՝ պլյուս վեց հանրապետականներ), իսկ նրան դեմ է հանդես եկել Սենատի 42 անդամ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Twitter-ում ողջունել է քվեարկության արդյունքները:

Ինչպես Բայդենի վարչակազմի հանգուցային պաշտոնների բազմաթիվ այլ թեկնածուներ, Շերմանն աշխատել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում: Նա եղել է քաղաքական հարցերի գծով պետքարտուղարի տեղակալը, ինչպես նաեւ ղեկավարել է իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցությունները: Պետդեպարտամենտում կարեւությամբ երկրորդ պաշտոնում այս թեկնածուի հաստատումը մի քանի շաբաթ հարցականի տակ է մնացել Տեխասի նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզի դիրքորոշման պատճառով:

Մարտի կեսերին նա հայտարարել է, որ արգելափակելու է Շերմանի հաստատումը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում եւ մի քանի այլ թեկնածուների հաստատումը Պետդեպարտամենտի պաշտոններում, քանի դեռ Սպիտակ տունը պատժամիջոցներ չի սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք գործարկվել են «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրագործման մեջ:

ԱՄՆ-ում բազմաթիվ կոնգրեսականներ (ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ) հանդես են գալիս «Հյուսիսային հոսք 2»-ի վրա պատժամիջոցներով ճնշումն ուժեղացնելու օգտին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմում համաձայն են, որ հարկավոր է փորձել խանգարել այդ գազատարի կառուցման ավարտին:

Բայց միեւնույն ժամանակ Սպիտակ տունը կցանկանար բարելավել Գերմանիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք խիստ տուժել էին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Այդ պատճառով, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, Բայդենը, չցանկանալով զայրացնել Բեռլինին, առայժմ ձեռնպահ է մնում գազատարի նախագծի դեմ ավելի վճռական գործողություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս