Հետախուզվողը գողացված հրազենով կրակոցներ է արձակել ու վնասազերծվել
Ապրիլի 9-ի լուսադեմին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում ինչ-որ մեկն անկանոն կրակոցներ է արձակում։
Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել. զարգացումներն անկանխատեսելի էին, և ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել:
Ոստիկաններն անմիջապես մեկնեցին Քասախ և նշված հասցե հասան այն պահին, երբ զինված տղամարդը հայհոյելով գոռում էր, թե վերջին փամփուշտն իրենն է: Ձեռնամարտի հնարք կիրառելով՝ ոստիկանները վնասազերծեցին տղամարդուն և բերման ենթարկեցին ոստիկանության Նաիրիի բաժին:
Բաժնում պարզվեց բերման ենթարկվածի ինքնությունը՝ Աբովյանի բնակիչ էր, 34 տարեկան, նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Պարզվեց նաև, որ նա հետախուզվում էր ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից: Ավելին՝ հետախուզման մեջ էր նաև «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող այն հրացանը, որով կրակոցներ էր արձակել. զենքը, որ բնակարանային գողության ժամանակ էր հափշտակվել, փնտրում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։